Նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը խստացրել է Գրենլանդիայի նկատմամբ իր հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի կղզին ձեռք բերելու համար, հայտնում է NBC News-ը:
«Մենք պատրաստվում ենք որևէ բան ձեռնարկել Գրենլանդիայի հարցում՝ անկախ նրանից հաճելի է դա նրանց, թե ոչ, որովհետև եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան, իսկ մենք չենք ուզում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը լինեն մեր հարևանները»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի այս հայտարարությունից մի քանի օր առաջ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել էր, որ Թրամփը կարող է օգտագործել զինվորականներին՝ «արտաքին քաղաքական այս կարևոր նպատակին հասնելու համար»:
Իրենց հերթին, եվրոպական հիմնական դաշնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են, որ «չեն դադարի պաշտպանել» Գրենլանդիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության արժեքները:
«Մենք չենք պատրաստվում թույլ տալ Ռուսաստանին կամ Չինաստանին օկուպացնել Գրենլանդիան և հենց դա էլ տեղի կունենա, եթե այն չպատկանի մեզ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը նավթագազային ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման հանրային մասի ժամանակ:
Այն հարցին, թե որքան է նա պատրաստ վճարել այդ տարածքի համար, Թրամփն ասել է. «Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիայի համար նախատեսված գումարի մասին: Ես կարող էի խոսել այդ մասին, բայց մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել Գրենլանդիայի հետ՝ հաճելի է դա նրանց, թե ոչ»:
Գրենլանդիան դանիական տարածք է, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի ռազմական առումով և տիրապետում է օգտակար հանածոների հսկայական պաշարների: ԱՄՆ-ն արդեն ռազմաբազա ունի կղզու վրա և տեղի պաշտոնյաները հայտարարել են, որ համաձայն են ռազմական ներկայության ընդլայնմանը:
