Կաթողիկոսի գիտությամբ են համացանցում հայտնվել Արշակ Սրբազանի մասին նյութերը. թող չհրապարակեին. Գևորգ եպիսկոպոս

Մասյացոտնի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որին Գարեգին Բ-ն հունվարի 10-ի որոշմամբ ազատել է թեմակալ առաջնորդի պաշտոնից, սկանդալային հայտարարություն է արել:

Նա հայտնել է, որ եթե Գարեգին Բ կաթողիկոսը չէր ուզում, որ ՀՀ վարչապետի բարենորոգման առաջարկին միանային 10 եպիսկոպոսները և բողոքի ձայն բարձրացնեին, թող չհրապարակեր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին առնչվող սկանդալային նյութերը:

Այս մասին նա խոսել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցված պատարագի ավարտին, լրագրողների հետ զրույցում: Ճշտող հարցին, թե կաթողիկո՞սն է հրապարակել այդ հայտնի և աղմկահարույց տեսանյութերը, Գևորգ եպիսկոպոսը պատասխանել է.

«Այո՛: Քննչական կոմիտեում կա՞ գործ հարուցված, ինչի՞ հիման վրա է հարուցված՝ համացանցում եղած տեսանյութերի: Համացանցում կա նաև, թե որտեղից են այդ տեսանյութերը հայտնվել: Մեր մասին այս վերջին շրջանում լուտանքներ, տեղեկություններ ու բամբասանքներ հրապարակվեցին, չեմ կարծում, թե գտնում եք՝ դրանք իշխանության կողմից են տարածվում:

Այո, տեսանյութերը հրապարակվել են կաթողիկոսի գիտությամբ: Շատ նեղված էին, որ 2 արքեպիսկոպոսներ են միայն ձերբակալվել: Շատ նեղված էին, որ Արշակ սրբազանին չեն ձերբակալել ու սպասում էին՝ երբ պետք է ձերբակալեն»,- ասել է նա:

Գևորգ եպիսկոպոսը նաև հայտարարել է, որ Գարեգին Բ-ն բոլոր եկեղեցականների դեմ կոմպրոմատներ ունի:

Ավելի վաղ համացանցում ինտիմ բնույթի տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում, ըստ պնդումների, Մայր Աթոռի դիվանապետ, կուսակրոն Արշակ Խաչատրյանն էր:

Եպիսկոպոսաց դասի մեկ տասնյակից ավելի անդամներ հայտարարել էին, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան): Վերջինս առ ոչինչ է համարել այդ արդյունքները:

Խաչատրյանի պաշտոնավարումը կասեցնելու հորդորով հանդես եկած եպիսկոպոսները իրենց պահանջը պայմանավորել էին համացանցում տարածված տեսանյութով, որում ըստ պնդումների՝ նա ինտիմ բնույթի գործողությունների մեջ է քեռակնոջ հետ: 

ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին՝ կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին ավելի վաղ հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում):

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Արշակ Խաչատրյանի գործի վերաբերյալ՝ հայտնելով մանրամասներ և նշելով, որ անձին թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռ դիվանատան ընդունարանում:

Կիսվել սոց․ ցանցերում