ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios

Axios-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը, Պակիստանի և Քատարի միջնորդությամբ, կիրակի օրը նախատեսում են անցկացնել առցանց հանդիպում և էլեկտրոնային եղանակով ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որով 60 օրով կերկարաձգվի հրադադարը, կվերաբացվի Հորմուզի նեղուցը և կմեկնարկեն բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Սպասվող համաձայնությունը գրեթե երեք ամիս տևած բանակցությունների արդյունք է, որոնք ընթացել են Պակիստանի, Քատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ։ Ակնկալվում է, որ հուշագիրը կնպաստի տարածաշրջանում ռազմական լարվածության թուլացմանը և կարող է դրական ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկ շուկաների կայունացման վրա։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X հարթակում հայտնել է, որ կողմերը խաղաղության համաձայնագրի կնքմանը մոտ են, քան երբևէ։ Նրա խոսքով՝ եթե վերջնական պայմանավորվածությունը ձեռք բերվի առաջիկա 24 ժամվա ընթացքում, անմիջապես կկազմակերպվի փաստաթղթի էլեկտրոնային ստորագրումը, որին կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցություններ։

Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հաստատել է, որ առցանց ստորագրման արարողությունը նախատեսված է կիրակի օրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել կիրակի, և դրանից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի միջազգային նավարկության համար։ Նա նաև նշել է, որ Իրանի հետ ներկայիս հարաբերությունները զգալիորեն տարբերվում են նախորդ վարչակազմերի ժամանակաշրջանից։

Թրամփը միաժամանակ ընդգծել է, որ համաձայնագրի դրույթների իրականացումը պետք է ընթանա արագ և անխափան, հակառակ դեպքում ԱՄՆ-ը չի բացառի ուժի կիրառման հնարավորությունը։

ԱՄՆ պաշտոնյաների և միջնորդ երկրներից աղբյուրների փոխանցմամբ՝ ստորագրումը տեղի կունենա առցանց ձևաչափով՝ հիմնականում կազմակերպչական և ժամանակային սահմանափակումներով պայմանավորված։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը ղեկավարում է ամերիկյան բանակցային թիմը, չէր հասցնի վերադառնալ Միացյալ Նահանգներ մինչև նախագահ Թրամփի մեկնումը G7-ի գագաթնաժողով։

Կիսվել սոց․ ցանցերում