Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։
Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական իշխանությունների նոր որոշման պատճառով Ստամբուլի հայկական դպրոցների տնօրենները հրաժարվում են ընդունել Հայաստանցիների երեխաներին։ Նա իր եւ մյուս հայաստանցի ծնողների անունից նշել է, որ երեխաների դպրոց չհաճախելը իրենց անելանելի դրության մեջ է դրել։ Հ.Կ.-ն շեշտել է, որ Ստամբուլում ծնված իրենց 6 ամյա դուստրը փաստացի զրկված է ազգային կրթություն ստանալու իրավունքից։
Նշենք, որ Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնյաները ստուգումներ են իրականացրել ազգային փոքրամասնությունների դպրոցներում եւ բանավոր հրահանգել այլեւս հյուր աշակերտներ չընդունել, իսկ արդեն սովորողներին էլ տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։
Մինչ սա հայկական դպրոցներն առաջնորդվում էին 2012-ին ընդունված որոշումով, ըստ որի դպրոցներում օտարերկրյա քաղաքացիների երեխաները կարող էին կրթություն ստանալ, սակայն ավարտական ատեստատ չէին կարող ստանալ։ Նրանց փոխարենը տրվում էր փաստաթուղթ, որ ուսման ընթացքում ուսանել են նշված առարկաները։
