ԱՄՆ նախագահ Դոնшլդ Թրшմփը երեքշաբթի օրը հանդիպում կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ Իրանի դեմ հետագա գործողությունները քննարկելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հանդիպում կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ Իրանի դեմ հետագա գործողությունները քննարկելու համար, հաղորդում է CNN-ը։
Երկու աղբյուրներ CNN-ին հայտնել են, որ Թրամփը քննարկում է Իրանի դեմ մի շարք հնարավոր ռազմական տարբերակներ՝ ի պատասխան երկրում զանգվածային բողոքի ցույցերի դեմ Իրանի կառավարության կողմից ուժի կիրառման։ Դրանք ներառում են բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործվող իրանական անվտանգության ուժերի դեմ հարվածներ, իրանական ռազմական և ռեժիմի ակտիվների դեմ կիբերգործողություններ, ռեժիմի գործիչների կամ իրանական տնտեսության այնպիսի ճյուղերի, ինչպիսիք են էներգետիկան կամ բանկային համակարգը, դեմ պատժամիջոցներ, ինչպես նաև Starlink-ի նման տեխնոլոգիաներ տրամադրելու հնարավորություն՝ Իրանում ինտերնետային հաղորդակցությունները ապաշրջափակելու համար, որոնք կօգնեն ցուցարարներին շրջանցել տեղեկատվական շրջափակումը, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել է, որ Թրամփի կողմից քննարկվող տարբերակները չեն ենթադրում զորքեր ուղարկել Իրան։ Այլ պաշտոնյաներ նշել են, որ նախագահի համար տարբերակների պատրաստմանը մասնակցել են մի շարք տարբեր գործակալություններ։

Կիսվել սոց․ ցանցերում