«Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք՝ ավտոնոմ ռեսպուբլիկա էր լինելու, կետ առ կետ գրած, 23 կետ: Ադրբեջանը համաձայնել է: Էն մարդիկ, ովքեր այդ փաստաթղթերը սահմանով տվել են, սահմանով ստացել են, և մի շարք հարցեր, որ բանակցել են, էդ մարդիկ կգան, դատարանում ցուցմունք կտան»,- Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը:
Նա ընդգծեց, որ կարելի էր խուսափել այս ամենից. «Մենք կարող էինք ԼՂԻՄ նախկին տարածքի վրա ստեղծել ավտոնոմ ռեսպուբլիկա»:
Սամվել Բաբայանը հավաստիացրեց, որ Ադրբեջանը համաձայն է եղել դրան, ինքը ևս բանակցել է, բայց ոչ ուղիղ կերպով, այլ միջնորդավորված: «Էն մարդիկ, ովքեր բանակցել են, կան: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»,- ասաց նա և հավելեց, որ ինքը ոչ մեկին այդ մասին չի ասել, քանի որ իրեն որևէ հավաքի չեն հրավիրել՝ իմանալով իր դիրքորոշումը. «Լավ են արել, բայց իրենք իրենց վրա են վերցրել այդ պատասխանատվությունը: Հիմա պետք է դատարանի առաջ կանգնեն, իրենք պետական հանցագործ են: Իրենք մի փաստաթղթով չեղյալ են համարել հանրաքվեով ժողովրդի ընտրած անկախությունը և Ղարաբաղը ամբողջությամբ հանձնել են Ադրբեջանին»:
