Խնդիրն այն է, որ շատերը համարում են, թե Ռուսաստանը կարող է ինչ-որ բան թույլ տալ, կամ թույլ չտալ Ադրբեջանին: Ճիշտ հակառակը, Ադրբեջանն ինչ արել է ԼՂ-ում, արել է, որ Ռուսաստանից ձերբազատվի, հեղինակազրկի, բացատրի, որ ՌԴ-ն իրենից ոչինչ չի ներկայացնում, և դա իրականություն է:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:
«Ես դրա համար բացատրել եմ, որ ուղիղ բանակցություններ են պետք, առանց որևէ միջնորդության, առանց միջնորդի: Ադրբեջանն իրեն համարում է հաղթած չէ՞, բայց Ադրբեջանը պարտված է, որովհետև Թուրքիա-Ադրբեջան էս տանդեմը և Կենտրոնական Ասիան, Ռուսաստան, Պարսկաստան չեն ընդունի, ինքն էլ գիտի, կգա ժամանակը, կերևա:
Ամենամեծ սխալը Ղարաբաղին ինքնավարություն չտալն էր, որը կլիներ օղակ հայ-ադրբեջանական հաշտության, առևտրի, տնտեսական և այլ շփումների համար: Ես բացատրել էի, իրենք էլ ընդունել էին (նկատի ունի Ադրբեջանին):
Հետո կենացները քաղցրացան, եկան էս ջահելները, ասեցին պայքարելու ենք մինև վերջ»,- ասաց Բաբայանը:
Ըստ Բաբայանի, ԼՂ իշխանությունները մշտապես սեփական ժողովրդին օգտագործել են իրենց շահերի համար, իրենց հարստանալու համար:
«Հիմա ՀՀ իշխանությունները պարտավոր են ստեղ ինչ ունեն առգրավեն (նկատի ունի ԼՂ իշխանությունների ունեցածը-խմբ.), տան ժողովրդին, որովհետև այլընտանք չկա»,- ասաց նա:
