Չիլիում խոշոր անտառային հրդեհներ են: Երկրի նախագահ Գաբրիել Բորիկը հունվարի 18-ին հայտարարել է, որ երկրի հարավ-կենտրոնական շրջանում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 18-ի, և որ այդ թիվը կարող է աճել։
«Այսօրվա դրությամբ մենք հաստատել ենք 18 մահվան մասին տեղեկատվությունը, բայց, ցավոք, վստահ ենք, որ այս թիվը կաճի»,- լրագրողներին ասել է Բորիկը Բիո-Բիո շրջանի Կոնսեպսիոն քաղաքում, որը գտնվում է Սանտյագոյից մոտ 500 կիլոմետր հարավ։
Նա նշել է, որ նախնական գնահատականները ցույց են տալիս, որ միայն Բիո-Բիոյում ոչնչացվել է մոտ 300 տուն՝ նախազգուշացնելով, որ զոհերի վերջնական թիվը կարող է գերազանցել 1000-ը։
Իշխանությունները շաբաթ երեկոյան Պենկո, Նասիմիենտո և Լախա համայնքներում պարետային ժամ են սահմանել: Լիրկենում, որը ամենաշատ տուժած շրջաններից մեկն է, պարետային ժամ է սահմանվել ավելի վաղ և ուժի մեջ է մնում անորոշ ժամանակով, քանի որ հրդեհները ընդգրկել են քաղաքի մոտ 80%-ը։
Ազգային անտառտնտեսության կորպորացիայի տվյալներով՝ Չիլիում ներկայումս 14 անտառային հրդեհ է բռնկվել, որոնց համար հայտարարվել է կարմիր վտանգ, և ամբողջ երկրում այրված տարածքը գերազանցում է 24 հազար հեկտարը: Ամենամեծ հրդեհը Կոնսեպսիոնում է, որը ընդգրկում է ավելի քան 10 հազար 600 հեկտար։
