Բանկոմատներից օգտվելու համար պարտադիր է լինելու անձի նույնականացումը, էլեկտրոնային ստորագրությունը. մասնագետն ասում է՝ բանկերը ստրկության նոր մեխանիզմ են գործարկում

Նույնականացման համակարգի ներդրումը ՀՀ բոլոր բանկերի համար պարտադիր կլինի։ Որոշ բանկերում այն կգործի անգամ փետրվարի 9-ից, հատկապես վարկային մարումների, քարտերի և հաշիվների համալրման, արտարժույթի փոխանակման գործողություններ իրականացնելիս։

Նույնականացումը հնարավոր կլինի երկու տարբերակով՝ կա՛մ էլեկտրոնային ստորագրությամբ, կա՛մ էլ վճարային տերմինալի վրա ցուցադրված QR կոդը սկանավորելով։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդել է, որ այս ամենը բանկային լոբինգի շահերը բավարարելու, մարդկանց եկամուտները վերահսկելու և թվային ստրկություն հաստատելու նկատառումներով է արվում։

«Ես կարծում եմ, որ ժամանակն է այս աննորմալություններից պրծնենք, սա է ամբողջ խնդիրը։ Սրանք ամեն բան հետևողականորեն անում են բանկային լոբինգի շահերը բավարարելու, մարդկանց եկամուտները վերահսկելու և թվային ստրկություն հաստատելու համար։ Այլ բան դա չի պահանջում։ Եթե դա հանրային շրջանակներում որևէ դժգոհություն չէր առաջացնում, ապա ինչո՞ւ են այդ հարցերը բերում ու փաթաթում մարդկանց գլխին։ Նոր բան են հորինել՝ նրանք, ովքեր էլեկտրոնային ստորագրություն չունեն, բայց տնտեսական գործունեություն են սկսել, վերցրել են, օրինակ, իրենց բարեկամի կամ հաշվապահական գրանցում ունեցողի նույնականացման քարտով հաշվետվություններ ուղարկել, հիմա դա գնահատում են որպես չգրանցված աշխատանքային ուժ»,-ասել է տնտեսագետը։

Կամենդատյանը նշել է, որ այս ամենը իբրև պայքարի միջոցառում է փողերի լվացման և կաշառքների փոխանցման բացահայտման համար։

«Չեմ կարող պատկերացնել, թե ինչ են մտածել։ Ամեն դեպքում սա միջոցառում է փողերի լվացման գործողության դեմ, բայց միամիտ լինել պետք չէ։ Անցումային երկրներում, ինչպիսին Հայաստանն է, կաշառքները բանկերի արտարժույթներում չեն փոխանակվում։ Կաշառքները հիմնականում փոխանցվում են կրպիտոարժույթներով»,-ասել է նա։

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի երեկվա հայտարարություններին, թե էլեկտրոնային ստորագրություններ ստանալու համար հերթեր են, մեր զրուցակիցը նշել է, որ Թորոսյանը լավ տեղյակ է, որ լեհական կազմակերպություն կար, որը պատրաստում էր բարձրակարգ նույնականացման քարտեր, որոնց հետ պայմանագիրը խզվել է։

«Արսեն Թորոսյան կոչեցյալը տեղյակ է, որ լեհական կազմակերպություն կար, որը բարձրակարգ նույնականացման քարտեր էր պատրաստում էլեկտրոնային կրիչով։ Իրենց հետ պայմանագիրը խզեցին, հավանաբար գուցե կաշառք չէին տվել, բերեցին ինչ-որ այլ կազմակերպություն ու սկսեցին նույնականացման քարտեր արտադրել առանց մագնիսային կրիչի։ Դրանից հետո ստեղծվեց «ԵՍ ԵՄ» հարթակը, որը սկսեց որոշ հավաստագրեր, գաղտնաբառեր տալ։ Դրա նման բազմաթիվ այլ հարթակներ կան, իբրև թվայնացմամբ զբաղվող, որոնց էլ տալիս են ահռելի գումարներ»,-ասել է նա։

Աղբյուր՝ Փաստինֆո
Կիսվել սոց․ ցանցերում