Հզпր ձնաբուք և փոթորկային քամի ԱՄՆ-ում․ հայտարարվել է արտակարգ դրություն

ԱՄՆ-ի հյուսիսարևելյան հատվածում փետրվարի 22-ի երեկոյից ուժեղ ձնաբուք է մոլեգնում՝ ուղեկցվելով առատ ձյունով և փոթորկային ուժգնության քամիներով։ Ըստ CNN-ի՝ Նյու Յորքի Մոնթոք Փոյնթում փետրվարի 23-ին գրանցվել է ժամում 135 կմ արագությամբ քամի։

Տիեզերքում գտնվող արբանյակները ֆիքսել են փոթորկի տեսարանը։ Եղանակային այս համակարգը դասակարգվել է որպես «ռումբային ցիկլոն»։ Ըստ National Weather Service-ի՝ ձնաբուքը բնորոշվում է ժամում ավելի քան 56 կմ քամով և առնվազն երեք ժամ 400 մետրից պակաս տեսանելիությամբ։

«Ռումբային ցիկլոն» տերմինը կապված է «բոմբոգենեզ» երևույթի հետ, երբ փոթորկի կենտրոնական ճնշումը 24 ժամում նվազում է առնվազն 24 միլիբարով, ինչի հետևանքով այն արագ ուժեղանում է՝ առաջացնելով առատ ձյուն, ուժեղ քամի և ջրհեղեղներ։ NASA-ի և NOAA-ի GOES East արբանյակը ֆիքսել է պտտվող փոթորիկը ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափերի մոտ։

Արբանյակը նաև գրանցել է կայծակներ, ինչը կարող է վկայել «ամպրոպային ձյան» մասին՝ հազվադեպ երևույթ, երբ ձնաբուքը ուղեկցվում է կայծակով։ Փետրվարի 23-ի առավոտյան Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում ձյան շերտը կազմել է 38 սմ, Նյուարքում՝ 46 սմ, իսկ Մասաչուսեթսի Սուոնսի քաղաքում՝ 67 սմ։ Մոտ 60 միլիոն մարդ գտնվում է եղանակային նախազգուշացման գոտում, հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Փորձագետների գնահատմամբ՝ սա կարող է լինել պատմական փոթորիկ, և Նյու Յորքում վերջին ինը տարվա ընթացքում առաջին անգամ է նման ձնաբուքի նախազգուշացում հայտարարվում։

Կիսվել սոց․ ցանցերում