Սեպտեմբերի 28․Օրվա խոսք ` Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 2 «ՀԻՍՈւՍԸ ՄԵՐ ԲԱՐԵԽՈՍՆ Է»:

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 2: 1 Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ 2 Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։ 3 Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ 4 Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ 5 Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։ 6 Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։ 7 Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։ 8 Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։ 9 Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։ 10 Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։ 11 Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։ 12 Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր, որովհետև ձեր մեղքերը ներված են նրա անվան համար։ 13 Գրում եմ ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև հաղթեցիք չարին։ 14 Գրում եմ ձեզ, զավակնե՛ր, որովհետև ճանաչեցիք Հորը։ Գրեցի ձեզ, հայրե՛ր, որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։ Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր, որովհետև դուք զորավոր եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։ 15 Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ 16 Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ 17 Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան։

Կիսվել սոց․ ցանցերում