Ավտովթար Վայոց ձորում. կա 4 տուժած, այդ թվում՝ 8-ամյա երեխա

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00:20-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163-րդ կմ-ին «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա ձորակում: Վարորդը, ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 1957 թ․), Ն․ Գ․-ն (ծնված 2015 թ․) և Վ․ Բ․-ն (ծնված 1996 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Կիսվել սոց․ ցանցերում