Զпհասեղանին միշտ նույն անունն է՝ հայ զի նվորը

Զոհասեղանին միշտ նույն անունն է՝ հայ զինվորը:

Ո՞ր երկրի երեխայի հաշվին եք պատրաստվում «վերադարձնել» այն, ինչ տարիներով կորցրել եք քաղաքական անպատասխանատվությամբ։ Ո՞ր մոր որդուն եք կրկին պատրաստ զոհել, որպեսզի ձեր ելույթներում հնչի «ռևանշ», «պատիվ», «պայքար» բառերի բարձրագոչ շարքը։

Տարիներ շարունակ քաղաքական օրակարգերում առաջին պլանում ոչ թե պետական հաշվարկն է եղել, ոչ թե սառը ռազմավարությունը, այլ զգացմունքային մանիպուլյացիան։ Երբ խոսքը հասել է Արցախին, ամեն անգամ նույն սցենարն է գործարկվել․ հնչեղ հայտարարություններ, կոշտ ձևակերպումներ, և վերջում՝ նույն արդյունքը՝ հայ զինվորը առաջնագծում, քաղաքական գործիչը՝ հեռուստաեթերում։

Եթե դուք իսկապես հավատում եք, որ հնարավոր է ուժով փոխել ստեղծված իրողությունները, ապա ազնիվ եղեք և պատասխանեք հասարակ հարցին՝ ո՞ւմ հաշվին։ Ձեր որդու՞ Ձեր ընտանիքի՞ Թե՞ հերթական գյուղացի ընտանիքի երեխայի, որը պարտադիր ծառայության է գնալու ու դառնալու հերթական «խիզախ» վերնագրի հերոս։

Արցախի հարցը չի կարող լինել հուզական շանտաժի գործիք։ Այն պահանջում է պետական մտածողություն, հաշվարկ, դիվանագիտություն և պատասխանատվություն։ Ոչ թե ամբիոնից հնչող հայտարարություններ, որոնց հետևանքը նոր սերնդի կորստի վտանգն է։

Այսօր տարածաշրջանում ուժային բալանսը փոխված է։ Հայաստան կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ, իսկ Ադրբեջան արդեն ձևակերպել է իր ռազմավարական արդյունքը։ Այս պայմաններում «ռևանշիզմը» ոչ թե քաղաքական ծրագիր է, այլ վտանգավոր պատրանք։

Պետք է վերջապես դադարեցնել մի վտանգավոր ավանդույթ․ երբ քաղաքական սխալների գինը վճարում է զինվորը։ Պետք է դադարեցնել զոհասեղանի վրա միշտ նույն անունը դնելը՝ հայ զինվորի անունը։

Հենց այդպիսի «հայրենասերների» պատճառով ենք մենք կորցրել թե՛ Արեւմտյան Հայաստանը, թե՛ Արցախը, թե՛ մի ողջ սերունդ։
Ո՛չ ասել բոլոր «փրկիչներին»։

Լրահոսից տեղեկացանք, որ ԱԺ ընտրություններից առաջ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։

Դատելով հուշագիրը ստորագրելու պահին նրանց համատեղ արված լուսանկարից՝ առաջիկայում նրանք հանդես են գալու արցախափրկիչ առաքելությամբ՝ պայքարելու, որ Արցախը «հետ բերենք»։ Պարզ է՝ բոլոր նրանց պես, ովքեր տասնամյակներ շարունակ ուրիշների արյան գնով ոչ միայն Արցախն էին պահանջում, այլեւ Արեւմտյան Հայաստանը։

Հասկանալի է՝ ընտրություններ են։ «Փրկիչների» պակաս չի լինելու։ Տարիներ շարունակ նման կարգախոսներով հանդես եկողները, որպես կանոն, մի քանի տոկոս քվե ստանալով, բարեհաջող հանգրվանել են Ազգային ժողովում, հարկ եղած դեպքում «ընդդիմություն» են խաղացել, սակայն լիուլի օգտվել իշխանության բարիքներից։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Արթուր Բաղդասարյան, լուսահոգի Արտաշես Գեղամյան — քաղաքական հիշողությունը դեռ թարմ է։

Կյանքը ցույց տվեց, որ նույնիսկ 2020 թվականի աղետից հետո էլ որոշ քաղաքական ուժեր անհրաժեշտ հետևություններ չարեցին։ Նրանց իրատեսական քաղաքականությունը չի հետաքրքրում։ Եվ այդ առումով նրանք հիշեցնում են Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Եղիշե Չարենցի ծիծաղաշարժ հերոսներին, որոնք նման գործելաոճով աչքի էին ընկնում մեկ դար առաջ։ Դարը փոխվել է, ցավոք, մերոնք չեն փոխվել, թեեւ նրանցից ոմանք նույնիսկ արտերկրի առաջատար բուհեր են ավարտել։

Իսկ ժողովրդի առողջ բնազդը թույլ չի տա հերթական անգամ խաբել իրեն։ Որովհետև ամեն անգամ նման գործիչների արկածախնդրության դիմաց ժողովուրդը հատուցում է իր նվիրյալ զավակների կյանքով։

Պետությունը ամբիոն չէ։ Պետությունը մարդկային կյանք է։
Իսկ մարդկային կյանքը քաղաքական գործիք չէ։

«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցություն

Ռոման Նազարյան
Վանիկ Նիկոյան
Սուրեն Օքմինյան
Ռուսլան Իսրայելյան

Կիսվել սոց․ ցանցերում