Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ընդդիմության կողմից առաջարկվող քաղաքականության իրականացումը կհանգեցնի պատերազմի՝ միաժամանակ ընդգծելով, որ ներկայում պատերազմի հավանականությունը գնահատում է զրոյական։
Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ արձագանքելով քննադատությանը, թե իշխանությունները ընտրություններից առաջ հասարակությանը սպառնում են պատերազմով։
«Եկեք նախ անալիզի ենթարկենք՝ ինչ է նշանակում սպառնալիք։ Երբ ինչ-որ մեկն ասում է՝ եթե դու չանես սա, ես կանեմ մի բան, որը քո համար վատ կլինի։ Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե որդեգրի այն քաղաքականությունը, որն ընդդիմադիրները առաջարկում են, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի որևէ աղերս չկա»,- ասել է Ռուբինյանը՝ հավելելով, որ ներկայում պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի, քանի որ Հայաստանը վարում է նորմալ քաղաքականություն:
Ռուբինյանը հավելել է, որ եթե ընդդիմությունը գա իշխանության և սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, դա բերելու է ակնհայտ և 100 տոկոսանոց պատերազմի:
ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ նախկինում իշխանությունների հասցեին հակառակ քննադատությունն էր հնչում՝ պատերազմի ռիսկերը չբարձրաձայնելու համար։
Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները ընտրություն են ոչ միայն քաղաքական ուժերի, այլև առաջարկվող քաղաքականությունների միջև։
Ռուբինյանը հավելել է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հանդես է գալիս գործող խաղաղության պահպանման դիրքորոշմամբ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը, ըստ նրա, առաջարկում են վերանայել այդ քաղաքականությունը։
