ԱՄՆ-ը «ողջունում է» Ադրբեջանի կառավարության մեկնաբանություններն առ այն, որ ինքը բաց է լինելու Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության համար:
Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ շարունակելով.
«Սա այն է, ինչ պետքարտուղար Բլինքենը ուղղակիորեն հորդորում էր Ալիևին, և մենք ուրախ ենք տեսնել, որ նա համաձայնել է դրան: Մոտակա օրերին մենք կաշխատենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ հստակ որոշելու, թե ինչ տեսք պետք է ունենա այդ առաքելությունը»,- ասել է Միլլերը:
Միլլերը նաև նշել է, որ Սամանթա Փաուերը և պետքարտուղարի օգնական Յուրի Քիմն այժմ գտնվում են Ադրբեջանում, որտեղ նրանք քննարկում են այն նույն հարցերը, որոնք պետքարտուղարը բարձրացրել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ զրույցում։
«Մենք ցանկանում ենք, որ հրադադարը պահպանվի, որպեսզի հումանիտար կարիքները լուծվեն: Սա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը և հումանիտար բեռների ստացման հնարավորությունը։ Եվ դա նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն, որը կապահովի հումանիտար կարիքների բավարարումը»,- շարունակել է Միլլերը:
Նա հավելել է, որ այս աեմենի վերջնարդյունքում ԱՄՆ-ը ցանկանում է «տեսնել վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ, որտեղ կարելի է հասնել արժանապատիվ և տևական խաղաղության»։
