Պատահականությու՞ն էր Կարեն Դեմիրճյшնի սպшնությունը

Այսօր  լրանում  է  Խորհրդային Հայաստանի ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ,  1999թ. հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի 94-ամյակը։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն առ այսօր էլ  բացահայտված չէ, մեղավորները  պատժված չեն, իսկ  նրանք, որոնց  օրոք տեղի է ունեցել ահաբեկչությունն, այսօր էլ շարունակում են  մնալ քաղաքական դաշտում որպես ակտիվ դերակատարներ, ավելին՝ իրենց  հռչակել են  որպես գործող իշխանությանն  այլընտրանք կամ ընդդիմություն։

Ներկայացնում եմ 2000թ. հոկտեմբերի 27-ին   «Երկրապահ» թերթում  Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ հարցազրույցից մի հատված։

-Տիկին Դեմիրճյան, ի՞նչ պարզեց Ձեզ համար նախաքննությունը, եւ ի՞նչ եք սպասում դատավարությունից։

-Իմ ստացած տպավորությամբ, բոլորովին նշանակություն չուներ, թե ով կվարեր նախաքննությունը։ Ով  էլ  լիներ  քննչական խմբի ղեկավարը, միեւնույնն է, նախաքննությունը լինելու էր այնպես, ինչպես ընթացավ։ Ոչ ոք կատարվածին գնահատական  չտըվեց։ Ոչ մի ատյանում եւ ոչ մի քաղաքական գործիչ։ Նույնիսկ հայտարարություններ   հնչեցին, որ դա մի խումբ «ռոմանտիկների» քայլ է։ Մինչդեռ այդ ամենը սոսկ հեղաշրջում կամ ահաբեկչություն չէր, այլ քաղաքական լիդերների սպանություն։ Առաջին հայացքից թվում է, թե դա շատ պարզ, պրիմիտիվ գործ է, այնինչ հեռահար նպատակներ հետապնդող սպանությունները միշտ էլ մասնագիտորեն եւ նրբորեն  քողարկվում են։ Նույնն էլ նաեւ այս դեպքում։ Քողարկել են, որպեսզի հետո պնդեն, թե իբր Կարեն Դեմիրճյանին պատահաբար են սպանել։ Միգուցե մարդասպաններն  իրոք  հավատացել են, թե հեղաշրջում են անում. դա չեմ բացառում։ Երեւի թե նրանց խաբել են։ Սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ դա հեղաշրջում չէր։ Այլապես ինչո՞վ  բացատրել, որ սպանություններից հետո երկրորդ փուլը չզարգացավ։ Կազմակերպիչներին սպանություններն էին պետք եւ ոչ հեղաշրջում։ Նույն ուժերն աշխարհով մեկ տարածում են ակնհայտորեն անհեթեթ այն տեսակետը, թե 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում Կարեն Դեմիրճյանի սպանությունը պատահականություն էր։ Այդպիսով մշակել են ուզում հասարակական կարծիքը։ Հասարակական կարծիք են մշակում նաեւ, թե իբր հինգ ահաբեկիչների հետեւում ոչ մի ուժ (այն էլ ուժեղ) չկա։ Մեկ տարի շարունակ հասարակական կարծիքի այսպիսի խեղաթյուրումը, կարծում եմ, քաղաքական գնահատականի եւ պատժի է արժանի։

Նախաքննությունն ինչ-որ շրջապտույտ կատարեց եւ վերադարձավ ակունքներին։ Հիմա մենք  չգիտենք՝ իրո՞ք  բավարար ապացույցներ չլինելու հետեւանք էր, թե ազդեցության։ Ես ոչ ոքի մեղադրելու իրավունք չունեմ. դա դատարանի գործն է։ Սակայն շատ հարցեր մնում են  չպարզաբանված։ Մենք՝ զոհերի հարազատներս, բողոքել եւ հայտարարությամբ հանդես ենք եկել՝ չհամաձայնելով  գործերի կարճման հետ։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է գործ կարճել՝ արձանագրելով, թե մեղադրյալը զղջացել է, նախկինում արատավորված չի եղել եւ կամ զավակ է ունեցել։

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում