Կարդացեք ՄԻԵԴ-ի վճիռները, եւ ամեն ինչ պարզ կլինի

« Պարզապես  տվեք ինձ իմ  ժամանակների  թեկուզ  մեկ   քաղբանտարկյալի անուն» ,-  Nouvelles d’ Armenie  ֆրանսիական  պարբերականին  տված հարցազրույցում  ասել է  ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ  Քոչարյանը, հավանաբար, մոռացել է, որ 2008թ. մարտի 1-ի սպանդի հրամանը  տվողն  ինքն է եղել,  իր  հրամանով  են  կալանավորվել ու  բանտեր նետվել  ընդդիմության  100-ից  ավելի  ակտիվիստներ, որոնք  ցույցերին էին մասնակցում, իր հրամանով է երկրում քսան օր արտակարգ դրություն մտցվել:  Եթե  նրանք  քաղբանտարկյալներ  չէին,   ապա  ինչո՞ւ  տարիներ անց  Մարդու  իրավունքների  եվրոպական  դատարանը կայացրեց  վճիռներ` արձանագրելով,  որ  նրանց  վերաբերյալ  խախտվել են   Մարդու  իրավունքների  եվրոպական կոնվենցիայի  մի շարք հոդվածներ, եւ պետությունը նրանց պետք է տրամադրի փոխհատուցում:

Դժվար  չէ,   կարելի  է   համացանցում   որոնել  եւ  գտնել,  թե  « Գասպարին  ընդդեմ Հայաստանի»,   «Մուշեղ  Սաղաթելյանն  ընդդեմ   Հայաստանի», « Այվազյանն ընդդեմ  Հայաստանի »,  «Մակեյանն ընդդեմ Հայաստանի» եւ նմանատիպ այլ գործերով  ՄԻԵԴ-ն  ինչ  վճիռներ  է  կայացրել:

Իսկ  ահա  2025թ. սեպտեմբերի 18-ին  ՄԻԵԴ-ը  հրապարակել է  «Ֆարմանյանն ընդդեմ  Հայաստանի »` Մարտի 1-ի  ինը  զոհերի  գործով  վճիռը:  Դատարանն արձանագրել  է,  որ  զոհերի  մեծ   մասի  դեպքում  ՀՀ-ն  խախտել է նրանց կյանքի իրավունքը:

Դատարանը միաձայն  որոշել է,  որ  Սամվել Հարությունյանից եւ Զաքար  Հովհաննիսյանից  բացի,  Մարդու  իրավունքների  եվրոպական  կոնվենցիայի  2-րդ  հոդվածի (կյանքի  իրավունք) խախտում է եղել  յոթ զոհերի մասով:

Դատարանը նաեւ փաստել է, որ բոլոր զոհերի մահվան գործերով  քննության մասով  նույնպես  խախտվել է 2-րդ հոդվածը:  Ըստ այդ որոշման` քննչական  գործողությունները  եղել  են  ոչ  լիարժեք  կամ  անարդյունավետ:

ՄԻԵԴ-ի  վճռով  ՀՀ-ն  պարտավոր է յուրաքանչյուր զոհի  հարազատի վճարել 30 հազարական եվրո` որպես  ոչ   նյութական   վնասի   փոխհատուցում,  35 հազար եվրո` դատական ծախսերի հատուցման համար:

Ռոբերտ  Քոչարյանը լավ կանի, որ  հիշի, թե իր օրոք  որքան  քաղաքական  սպանություններ  են  եղել,  որոնք  առ այսօր  չեն  բացահատվել:

Թագուհի  Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում