Մարդը, որը չէր վախենում. այսօր Անդրեյ Սախարովի ծննդյան օրն է

ԽՍՀՄ ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, այլախոհ, 1980-86 թթ. քաղբանտարկյալ, ջրածնային ռումբի համահեղինակ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր. սա Անդրեյ Սախարովի կոչումների եւ գործունեության ոչ լրիվ ցանկն է:
Մարդիկ, որոնց համար արժեք են մարդու իրավունքները, ապրում եւ գործում են խղճով, միշտ հիշում են Սախարովին:
1970թ. նոյեմբերի 4-ին երեք ֆիզիկոսներ` Անդրեյ Սախարովը, Վալերի Չալիձեն եւ Անդրեյ Տվերդոխլեբովը, ԽՍՀՄ-ում ստեղծեցին մարդու իրավունքների Կոմիտե: Սախարովը սկզբունքորեն չէր թաքցնում իր հայացքներն ու ծրագրերը, եւ Կոմիտեն սկսեց իր հրապարակային աշխատանքը: Սկզբում նրա նպատակը խորհրդային հասարակության խնդիրներին եւ մարդու իրավունքներին ծանոթացնելն էր, բայց շուտով Կոմիտե սկսեցին դիմել կոնկրետ օգնության եւ պաշտպանության խնդրանքներով: Սախարովն օգտագործեց իր հեղինակությունն ու կարգավիճակը, ուղղակի դիմեց տարբեր երկրների ղեկավարներին` խորհրդային ռեժիմի ժողովրդավարացման առաջարկով, ի պաշտպանություն այն մարդկանց, որոնց իրավունքները խախտվել են, գրեց եւ ստորագրեց բազմաթիվ նամակներ: Սախարովը համոզված էր եւ ձգտում էր համոզել իշխանություններին. մարդու իրավունքների պաշտպանությունն անհրաժեշտ պայման է մարդու եւ հասարակության զարգացման եւ առաջընթացի համար:
Սախարովը համոզված էր, որ այդ երկրների ղեկավարները կլսեն իրեն` հաշվի առնելով իր իմացությունն ու հեղինակությունը: Դիմումները, սակայն, անուշադրության մատնվեցին, փոխարենը սկսեցին նրա նկատմամբ հետապնդումները: Իրավապաշտպանի կյանքը դարձավ անտանելի. սպառնալիքներ, բանտարկություն, դատ: Ի հայտ եկավ դատաստանի նոր ձեւ. հարկադիր աքսոր երկրից եւ քաղաքացիությունից զրկելու որոշում: Սախարովի անձեռնմխելիությունը վստահություն չէր ներշնչում: Հակառակ դրան` աճում էր իրավապաշտպանի հեղինակությունը: Համակարգի վրա ներսից ազդելու ծրագիրը չարդարացրեց իրեն: Եկավ տակտիկան փոխելու ժամանակը…
1975 թ. աշնանը Սախարովն արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նոբելյան կոմիտեն գնահատել էր Սախարովի ծառայությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ակադեմիկոս Սախարովին, սակայն, արգելվում է արտասահման մեկնել` գաղտնի աշխատանքում պետական գաղտնիքներին հասանելի լինելու պատճառով: Խորհրդային իշխանությունները վրդովված էին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Սախարովի գործունեության միջազգային ճանաչումից: Բայց մրցանակաբաշխությունը չկարողացան խափանել: Օսլո մեկնեց Ելենա Բոները եւ ամուսնու անունից ելույթ ունեցավ, կարդաց Նոբելյան բանախոսություն` ժամանակակից աշխարհի սպառնալիքների, մարդկության առջեւ ծառացած խնդիրների եւ կոնկրետ մարդու իրավունքների մասին: Ելույթն ավարտվեց խղճի բանտարկյալների անունների ցանկով` մարդիկ, որոնք հետապնդվել են ԽՍՀՄ-ում իրենց համոզմունքների համար:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում