Արմատախի՛լ արա հպարտությունը

Արմատախի՛լ արա հպարտությունը

Ինչո՞վ է տարբերվում աշխարհիկ փառքով ու իշխանությամբ օժտված անհատը հոգևորապես զորավոր և ազդեցիկ անձից։ Աշխարհիկ հզորն իշխում է ենթականերին՝ սերմանելով վախ ու սպառնալիք։ Նրա նպատակը երևելի դիրքի ու զորության միջոցով ամենքին հպատակեցնելն է, մինչդեռ հոգևոր աշխարհում ամեն բան հակառակն է։ Հոգևորապես զորավոր ու ազդեցիկ մարդն աչքի է ընկնում իր խոնարհությամբ և հեզությամբ։ Նրա առաքինությունը ոչ թե այլոց հպատակեցնելն է, այլ ընկածին բարձրացնելն ու տկարի տկարությանը նեցուկ լինելը, որպեսզի երևա ոչ թե սեփական անվան փառքը, այլ բարձրանա Աստծո անունն ու փառավորվի Նրա սիրտը։

«Մենք, որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինել։ Մեզանից ամեն մեկը թող ընկերոջը հաճելի լինի բարին գործելու մեջ՝ նրան ամրապնդելու համար»։

Հռոմեացիներին 15:1-2

Սիրելի՛ ընթերցող, աշխարհիկ մտածողությունն ի վիճակի չէ ընկալելու այս հոգևոր կանոնները, քանզի այն կուրորեն հետապնդում է սեփական շահն ու ժամանակավոր փառքը։ Հաճախ հոգևոր խորհուրդներով առաջնորդվող անհատն աշխարհի աչքերում տկար ու թույլ է թվում։ Մինչդեռ իրականում հենց հոգևորապես ամուր մարդն է ունակ «ո՛չ» ասելու ամեն տեսակ գայթակղության ու մոլորության՝ հանուն սեփական սկզբունքների և հավատքի։

Իսկ ինչպիսի՞ տպավորություն է ծնվում դիմացինի սրտում, երբ անշահախնդիր բարություն ես ցուցաբերում. դու ոչ միայն ամրացնում ես նրա հավատքի ընթացքը՝ նրան մոտեցնելով շնորհաց գահին, այլև դառնում ես իսկական հավատացյալի այն կենդանի օրինակը, որ ամեն քայլով ձգտում է նմանվել իր Տիրոջը՝ Քրիստոսին։

Կիսվել սոց․ ցանցերում