Պե՞տք է արդյոք ունեզրկել «ղшրшբшղյшն կլանին» և այդ միջոցները բաժանել տեղшհшնվшծներին. Արմեն Խաչատրյանը մանրամասնեց

«Բոլորս գիտենք, որ ընդունիչ կետերը հենց Սյունիքում են, հիմնականում՝ Գորիսում, Տեղ համայնքում, և բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ՝ 24/7 ռեժիմով Սյունիքում աշխատանքներ են տարվում մեր հայրենակիցներին ընդունելու, նրանց առաջնային խնդիրները լուծելու և կացարաններով ապահովելու համար»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Հոսքը բավականի մեծ է, 70 հազարից ավելի մեր հայրենակից արդեն տեղափոխվել է ՀՀ, և պետք է նշեմ, որ 3 միլիոնանոց հանրապետության համար այդպիսի քանակությամբ ժողովրդի գալը բավականին լուրջ ցնցումների է ենթարկել պետական ողջ ապարատը, որն այսօր գործում է գերծանրաբեռնված և արտակարգ ռեժիմով»,- նկատեց նա:

Ըստ պատգամավորի՝ մեծ աշխատանք են տանում նաև բնակիչները, կամավորները Սյունիքում, Գորիսում և ամեն ինչով աջակցում պետական կառավարման մարմիններին. «Այդ փորձը, ցավոք, նրանք ձեռք են բերել 44-օրյա պատերազմի ժամանակ: Գորիսը, Տեղ համայնքը այդ ժամանակ ընդունել էին 13 հազար տեղահանվածի և ամիսներ շարունակ զբաղվում էին նրանց հոգսերով, և հիմա գորիսեցիները շատ արագ ստեղծել են այն բոլոր ենթակառուցվածքները, որոնցով կարողանում են այդ աշխատանքներն անել»:

Խաչատրյանը նաև նկատեց՝ առանց թերությունների այս ծավալի աշխատանքը հնարավոր չէ, բայց թերությունները նվազագույն են՝ հաշվի առնելով խնդիրների ծավալը. «Սյունիքը միասնական է, ամենադժվար պահն է հիմա, երկրորդ փուլով արդեն մենք պետք է հասկանանք, թե որտեղ են բնակվելու այդ մարդիկ, նրանց կացարանների հարցը լուծվի, և շուտով Կառավարությունը կներկայացնի ծրագիր, այն քարտեզը, որով ցույց կտրվի, թե մենք մեր տեղահանված քույր և եղբայրների ապագան ինչպես ենք տեսնում, ինչպես ենք հոգալու նրանց խնդիրները»:

Դիտարկմանը, թե տարբեր անհատներ հագուստ ու սնունդ են հավաքում, փորձում օգնել, Խաչատրյանն արձագանքեց. «Պետությունն ամեն ինչ անում է, պետությունը որևէ խնդիր չունի սննդի, ֆինանսական միջոցների, ամենը հատկացված է, ուղղակի կա խնդիր տեղահանվածների տեղերի՝ հաշվառված լինելու հետ, շատ դեպքերում չգիտենք, թե որտեղ են գտնվում տեղահանվածները, քանի որ հիմնականում չեն մնում Գորիսում և շարժվում են դեպի Երևան, Երևան շարժվելուց հետո նրանց հետագիծը կորում է: Ժամանակ է պետք, որ նրանք ներկայանան համապատասխան պետական մարմիններ, հաշվառվեն և համապատասխան օգնություն ստանան: Բոլոր բռնի տեղահանվածներին էլ Գորիսն է դիմավորել, բայց մեծ մասը այնտեղ չեն մնացել, հիմնականում մեկ օր հետո շարժվում են դեպի Երևան»:

Խաչատրյանը վստահեցրեց՝ վրանային պայմաններում տեղահանվածները շատ կարճ ժամանակ կմնան՝ մեկ, երկու օր, որից հետո նրանց մնալու տեղի հարցը կլուծվի, բայց վերջնական լուծումը բնակարանով ապահովելն է:

«Դա նշանակում է, որ պետությունը բնակարանաշինության շատ մեծ ծրագիր պետք է իրականացնի, որը տարիների հարց է՝ 2-3 տարի կտևի: Ամեն դեպքում, ամեն ինչ անելու ենք, որ մեր քույր-եղբայրներն իրենց զգան հնարավորինս լավ, որևէ խնդիր չունենան, այս օրերին կարող են առաջանալ, բայց երբ պատկերը պարզ լինի, պետությունը նրանց տեղն իմանա, բոլոր կարիքները հոգալու է՝ և՛ սննդի, և՛ գումարի»,- ընդգծեց Խաչատրյանը:

Հարցին՝ իշխանական որոշ պատգամավորներ կոչ են անում, որ պետք է «ղարաբաղյան կլանին» ունեզրկել և այդ միջոցները բաժանել ղարաբաղցիներին՝ տեղահանվածներին, ինքը դրան կողմնակի՞ց է, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ես կողմնակից եմ այն ամենին, ինչն ամրագրված է ՀՀ օրենքում: Օրենսգրքում ամրագրված է, որ ապօրինի ձեռք բերված գույքը պետք է բռնագանձվի: Եթե պարզվի, որ պաշտոնյաների ձեռք բերված գույքը ապօրինի է, իհարկե, պետք է բռնագանձվի, բայց օրենքով սահմանված կարգով: Մենք ապրում ենք իրավական, սոցիալական, ժողովրդական երկրում, և որևէ մեկը չի կարող որևէ մեկի գույքը հենց այնպես վերցնել, բաժանել ում ուզի և երբ ուզի, հետևաբար այդ գործընթացը լինելու է, բայց հնարավորինս օրենքի սահմաններում»:

Կիսվել սոց․ ցանցերում