ՀԵՐՔՈՒՄ․​Կոչ ենք անում չհավատալ իրականությունը խեղաթյուրող էժանագին հրապարակումներին

​Մասիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ քաղաքացիներ,
​Ի պատասխան մամուլում և սոցիալական հարթակներում տարածվող այն տեղեկությունների, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավն իրականացնող անձինք խոչընդոտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավին՝ հայտնում ենք, որ այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և կեղծ են:
​Իրականում տեղի է ունեցել հակառակը. երբ ՔՊ կուսակցության անդամներն ու համակիրները, հարգանքի տուրք մատուցելուց հետո, վերադառնալիս են եղել, հենց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն են խոչընդոտել նրանց ազատ տեղաշարժը: Ավելին՝ վերջիններիս կողմից հնչել են վիրավորանքներ, և մի քանի պատերազմ անցած մեր քաղաքացիներին անվանել են «թուրքեր»: «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից նախկինում ևս բազմիցս եղել են նմանատիպ սադրանքներ, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երբևէ չի տրվել և չի տրվում այդ սադրանքներին՝ ցուցաբերելով բացառիկ զսպվածություն:
​Ինչ վերաբերում է թիրախավորված անձանց, մասնավորապես՝ ԵԿՄ նախագահ, մեր ավագանու անդամ Արսեն Հարությունյանին, ում հետ մենք աշխատում ենք երկար տարիներ, վստահորեն հայտարարում ենք, որ նա բացառիկ ազնիվ, պարկեշտ և համայնքում մեծ հարգանք վայելող անձնավորություն է: Այս փաստը կարող են վկայել ու հաստատել բոլոր նրանք, ովքեր ճանաչում են նրան և ծանոթ են նրա անցած ուղուն ու մարդկային որակներին:
​Կոչ ենք անում չհավատալ իրականությունը խեղաթյուրող էժանագին հրապարակումներին և տուրք չտալ քաղաքական շահարկումներին։
Կիսվել սոց․ ցանցերում