Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ. այլևս Պապ թագավորը չպիտի սպшնվի

Հայկական մի ասացվածք կա՝ «Ավելի լավ է կույր աչոք, քան կույր մտոք»։

Երբ սոցիումն իր և իր նախկինների կյանքի ընթացքում փաստացի տևական ժամանակ իմացել ու ապրել է սխալ աշխարհընկալմամբ, մի օր կոգնիտիվ դիսոնանսի դեպրեսիան անխուսափելի է դառնում։ Այդ ամենին էլ գումարվում է օտարների կողմից մեր հանդեպ տարվող հիբրիդային պատերազմը, որտեղ մեր ցածր դիմադրողականության պատճառով բառիս բուն իմաստով զոհ ենք դարձել։

Ամեն ինչ փորձում են ոտնահարել, նվաստացնել, լավն ու վատը խառնել, ճիշտն ու սխալը փոխել և այլն։ Այս ամենը, սակայն, նույն մեր գիտակցության դիմադրողականության հիվանդությունից է։ Եվ դեռ մեծ հարց է՝ մեր սխալների մեծ մասը արդյո՞ք հենց նույն կառավարողների կողմից ներդրված չէ ի սկզբանե։

Օվերտոնի պատուհանը մեզ վրա կիրառողները և ցանկալի արդյունքի հասածներն առաջինն են գոռում Օվերտոնի պատուհանի և վհուկների կեղծ որսի մասին։ Ամեն ինչ այդքան պարզ չէ, իհարկե, սակայն ընկալելի է այն մարդկանց համար, որոնք ջանք չեն խնայում ընկալելու համար։

Իրականում վերջին յոթ տարիների ընթացքում կատարվում է մեր մտածելակերպի, արժեհամակարգի, մեր ինքնության վերարժևորում և վերջինիս խորքային փոփոխություն։

Հայաստանում ընթանում է ավանդական ազգից ազատության գինն իմացող, քաղաքական հասունություն ունեցող, պետականություն կրող ազգի ձևավորման գործընթաց: Հասարակությունը սկսում է փոխել իր արժեհամակարգը՝ համապատասխանեցնելով պետականության մարտահրավերներին։ Այս տարիները Երրորդ հանրապետության ճգնաժամի գիտակցումն են, իսկ մեր գիտակցության ցնցումները՝ այդ ամենի հետևանքը։ Հենց այս ցավերի մեջ էլ երկնում է չորրորդ հանրապետությունը։

Ինչպես բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին է նշում․ «Իր ավանդույթներին հավատարիմ և անցյալին ուղղորդված հասարակությունը դատապարտված է չգոյության: Իր ներկային ուղղորդված հասարակությունը դատապարտված է լճացման: Եվ միայն այն հասարակությունն է ընդունակ զարգանալու, որն ուղղորդված է դեպի ապագա»։

Մենք նորովի ենք գտնում ինքներս մեզ, և ոմանց մոտ ամերիկացիների ասած «open minded»-ն է աշխատում, իսկ ոմանց մոտ դրա բացակայությունը սահմանափակում է գիտակցությունը։

Նրանք, ովքեր իրականությունը ճիշտ են ըմբռնում, ընկալում են այն լուսավոր, բայց փշոտ ուղին, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեզ տանել, պատրաստ են և ուրախ գնալ այդ ճանապարհով՝ դեպի իրական պետականության լույսը։ Պատրաստակամների մոտ աշխատում է Ուինսթոն Չերչիլի ասած օպտիմիստի մտածելակերպը՝ «ամեն մի փոփոխության մեջ հնարավորություն են տեսնում», իսկ ովքեր որ փակ են, նեղմիտ կամ վախկոտ, ընկել են կոգնիտիվ դիսոնանսի մեջ և ամեն մի «հնարավորությունից վախենում են»։ Երկրորդ խմբի համար հենարան է նաև այն կեղծ հայրենասիրական միջավայրը, որում նրանք մեծացել են։ Բաժակաճառերի հայրենասիրություն, պոռոտախոսություն, դրսում Գիքորի, ներսում Տորք Անգեղի կեցվածք, կալվածատեր գեներալներ, Բաքվում թեյ խմելու մակարդակով պատերազմ պատկերացրած և այդ ամենի արդյունքում 2020-2023թթ. արհավիրքները վերապրած շերտն իր նեղմիտ դատողության համար ստացել է բոլոր հրահանգները, «հստակ գիտի»՝ ով ինչում է մեղավոր, և դա քննարկման ենթակա չէ։ Բնականաբար, նրանք առաջինն են աղաղակում մեր ավանդական արժեքների կործանման մասին։ Այս մասսայի հետ ամեն ինչ պարզ է, սակայն, բարեբախտաբար, ոչ բոլորն են այդպիսին։

Այսպիսով, մենք գիտակցական, մտավոր, արժեհամակարգային փոփոխությունների փուլում ենք, որը մեր պատկերացումները, մեր իմացածը շրջում է 180 աստիճանով։ Քաղաքական նոր մշակույթը հնարավորություն տվեց հասարակության գիտակցության մեջ մի շարք երևույթների սկզբնավորմանը։ Պետք է լինել ազնիվ ու խոստովանել, որ մենք, սկսած մեր կենցաղային քայլերից ու սովորույթներից մինչև մեր աշխարհընկալումները, մեղմ ասած, սխալ ճանապարհով էինք գնում։ Սակայն քանի՞ տոկոսն է ի վիճակի խոստովանելու դա՝ իհարկե քչերը, և դա ևս օրինաչափություն է, նեղմիտ մարդը՝ սխալ հոսանքով երկար ժամանակ գնացողը, սովորաբար չի գիտակցում և պատրաստ չէ ընդունելու իր սխալները։

Երբ տիկին Աննա Հակոբյանն ամեն առիթով ասում է, որ նա ժամանակին այս կամ այն բանը սխալ է ընկալել և հիմա շտկում է իր սխալը, ոմանք կարծում են՝ դա ինչ-որ հնարամիտ գովազդ է։ Ո՛չ, դա սրտառուչ ու մաքուր խոստովանություն է, որին ընդունակ է միայն կրթված մարդը, մտքով ու հոգով մեծ մարդը։ Սա պետք է լրջագույն ազդակ լինի Հայաստանի քաղաքական դաշտում գործող քաղաքական ու հասարակական ինստիտուտների ինստիտուցիոնալ բարեփոխումների համար։

Անհատական մակարդակով անգամ պետք է բոլոր նախկին քաղաքական ու պետական գործիչներն ինքնախոստովանությամբ հանդես գան։ Փոքրոգին խոստովանության ընդունակ չէ։ Մեր ազգային ավանդույթներ կոչվածի զգալի մասը սին է ու սխալ։ Ինչպես լավ օրինակ է բերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ օրից չէ, որ երկու եղբայրները մի տան մեջ են ապրել, կամ ննջասենյակը գոմի հարևանությամբ է եղել։ Այո, դա խեղճ, աղքատ ապրելու հետևանք է միայն, ուրիշ ոչինչ։

Ոչինչ, սակայն, անհետ չի կորչում, աղքատ ու խեղճ ապրելը բերել է նույնպիսի մտածելակերպի ու վարվելակերպի։ «Յոլա գնալու» սովորույթը, «միևնույն է ոչինչ չի փոխվի», «միևնույն է մեր փոխարեն ամեն ինչ որոշված է», «մեր ձայնը երբեք տեղ չի հասնի». ահա սրանք են մեր էության գծերը, որոնք այդ աղքատությամբ բերված դեգրադացիայի ամենամեծ երաշխիքներն են։ Այս ամենին ավելացել են հպատակության դարաշրջանի այլ արատավոր երևույթներ։

ԽՍՀՄ-ը մեր մեջ սպանել է ընտանեկան բիզնես ասածը, պատասխանատու աշխատողի, գործարարության ինստիտուտը, մշակույթը և այլն։ Քանի որ ամեն ինչ եղել է պետական, այն էլ օտար կայսրության պետական, ապա աշխատողները ջանք ու եռանդ առհասարակ չեն ներդրել այդ գործը զարգացնելու համար և պետությունից միայն գողացել են։ Եղել է կոնսենսուս գործարանի տնօրենի և բանվորի միջև, երկուսն էլ գողացել են իրենց մակարդակով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում մանր գործարարության ու վարպետության ոլորտում ամենամեծ հեղինակությունն ու վստահությունը վայելում են սփյուռքահայերը, որոնք պահել են ավանդական, ընտանեկան բիզնեսի ինստիտուտը, պատասխանատու աշխատանքի մշակույթը և այլն։ Սա նաև արժանապատվության և պատասխանատվության հարց է։

Սրանք օրինակներ են, թե մենք ինչեր ենք կորցրել դեգրադացիայի շղթայական գործընթացների ընթացքում։ Այո, մենք սխալ ենք մտածել, սխալ ենք ապրել, երբ կարծել ենք, թե մեր հարևանը, որ պետությունից գողանում ու հարստանում է, դա մեր գործը չէ, որ ոստիկանություն դիմելը հարգի չէ, որ սովորելը էական չէ, կարևորը դիպլոմն է. չէ՞ որ կաշառքով գործի կընդունվենք։

Այս բոլոր երևույթները ձևավորվել են որոշակի ենթամշակույթ, որն աշխատում է պետության կայացման դեմ։ Իհարկե, վերածննդի դարաշրջանից մինչև Մաքս Վեբերի սոցիոլոգիայի տեսությունները լավ իմացող մարդը կասեր, որ միայն այս երեք օրինակները բավարար են հիմնավորելու համար, որ նման սոցիումը չի կարող ունենալ կենսունակ պետություն, սակայն մենք ստիպված ենք մի փոքր ավելի խորանալ և այլ օրինակներ բերել։

Ոչ միայն բարոյական չէ, երբ հոգևորականը սրբապիղծ է, այլև անբնական է, երբ մենք այդ իրողության հետ հաշտ ենք։ Բարոյական չէ բանակի կենացը խմելը, բայց երեխայի քաղաքացիությունը փոխելը, որ չծառայի բանակում։

Բարոյական չէ հարստանալը մեղք համարելը, քանզի արարող, ստեղծագործ ու աշխատող մարդը պետք է հարստանա և հարստացնի։ Այս ամենը պետականություն չունեցող հասարակության համախտանիշ է․ չէ՞ որ հայը վերջին մի քանի հարյուր տարում տեսել է միայն պետությունից և հասարակությունից գողացած հարուստներ։ Սակայն այստեղ էականն այլ է։ Ոչ մի երկրում էլ ամեն ինչ իդեալական չէ։ Էականն այդ ամենի նկատմամբ մեր վերաբերմունքն է, մեր աղճատված պատկերացումները։ Մենք հստակ պետք է գիտակցենք, որ առանց ինքնիշխան պետության չի կարող լինել ապահով ժողովրդավարություն և հակառակը։

Քաղաքական ժառանգությունը նույնպես չափազանց կարևոր է ժողովրդավարության կայացման ու ամրապնդման համար։ Քաղաքացիական ու քաղաքական հասարակությունների ձևավորման, փոխլրացման, պետության հետ աշխատելու փորձի կարևորությունը մեր օրերում էքզիստենցիալ նշանակություն ունի, իսկ առանց ժողովրդավարության չի կարող լինել կայացած պետություն։

Սովորաբար, այո՛, Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի հասարակությունները լավ գիտեն, որ ոչ ժողովրդավարական համակարգերում, ավտորիտարիզմի միջավայրում, որտեղ ծաղկում է կոռուպցիան, չկա ազատ խոսք, պետությունը կենսունակ չէ։ Նրանք լավ գիտեն, որ բացարձակ կոռուպցիայից զերծ հասարակություններ չեն լինում, ուխտն ընդհանրապես չխախտող եկեղեցականներ քիչ են լինում։ Նրանք լավ գիտեն, որ բանակը բացարձակ հերոս ու գրագետ զինվորականներից չէ բաղկացած։ Հարցը իդեալական միջավայրի մասին չէ, այդպես չի կարող լինել բնության մեջ։ Հարցն այդ անախրոնիզմների հետ հաշտ չլինելու մասին է։ Սովորաբար զարգանում է այն հասարակությունը, որը մշտապես պայքարում է այդ անարդարությունների դեմ, միշտ աղաղակում ու բարձրաձայնում է սխալները։ Զարգանում է այն հասարակությունը, որտեղ ամենահարուստները ոչ թե պետական պաշտոնյաներն են, այլ ստեղծագործ գործարարները։ Եվ այդ հասարակություններում ազատ մամուլն ու հասարակական ինստիտուտներն օգնում են պայքարել այս օրինաչափության աշխատանքի համար։ Այո, դա երբեմն դժվար է, սակայն դա է միակ ճանապարհը։

Այո, անգամ ժողովրդավարության բաստիոն ԱՄՆ-ում 1976թ․-ից մինչև 2001թ․ հոգևորականների սրբապղծությունները կոծկվում էին, իսկ երբ լրագրողները սկսեցին բացահայտել, աննկարագրելի ճնշման տակ ընկան, և շատերը վախենում էին ցուցմունք տալուց կամ գրելուց դրա մասին։ Սակայն միայն այդ բացահայտումներով հնարավոր եղավ արդարությունը վերականգնել։ Սա ազատ աշխարհի օրինաչափություններից է, այն հեշտությամբ չի տրվում, այն ծանր գործընթաց է, սակայն զարգացման անխուսափելի ճանապարհ։ Օրինակները շատ են։

Կայսրության և Հանրապետության քաղաքացու տարբերությունը

Բայց, ցավոք, դարերով այլ կայսրությունների ենթակայության տակ ապրած հասարակությունն այս ամենը միանգամից չի ընկալում։ Նրան մի փոքր ավելի շատ է հարկավոր բացատրել, հարկավոր է հաճախ կրկնել այս տարրական մտքերը։ Մեր ժողովրդին ամեն քայլափոխին պետք է բացատրել, որ չի կարելի քո երկրի ղեկավարին ասել. «Գնա ընկի ինչ-որ շահի, ցարի կամ կայսրի ոտքերը, որ մեր ծաղիկը կամ ծիրանը կարողանանք ձեզ մոտ վաճառել»։ Նրան պետք է բացատրել, որ դու դրանով ինքդ քեզ դնում ես իմբիցիլի կարգավիճակում։

Անընկալելի է, երբ քո երկրի որևէ քաղաքացի, առավել ևս որևէ ինստիտուտի ներկայացուցիչ ծառայում է օտար երկրների շահերին և օտարի օգնությամբ փորձում է քո պետության մեջ պայքարել իշխանության դեմ։ Սրանից ավելի մեծ դավաճանական քայլ աշխարհում երբեք չի եղել։ Բայց, ցավոք, նա հենց դա է տեսել իր ծնված օրվանից, նա մեղավոր չէ, նրան համակարգի մամլիչն է կոտրել, նրան կրթել է հարկավոր։

Անգամ այսպես կոչված էլիտաները, կրթված մարդիկ, հոգևորականները չեն հասկանում, որ թշնամի են դառնում իրենց պետականության հետ, չեն հասկանում, քանի որ ինչպես կասեր Մահաթմա Գանդին․ «Կայսրությունների դաստիարակած էլիտաները սեփական ազգի երդվյալ թշնամիներն են»։ Կործանարար է, երբ դու քո երկրի անվտանգությունը վստահում ես ուրիշին, դու քո տան բանալին տալիս ես ուրիշին, երբ դու քեզ համար չունես ինքնաբավ անվտանգային համակարգ՝ սեփական ռազմական արդյունաբերությամբ, հետախուզական համակարգերով, սեփական ռազմագիտական դպրոցով։ Հայը պետք է իր սեփական, ոչ մեկին պարտական չմնացած պետությունը կառուցի։

Սկսած 2018թ․-ի «Ոչ բռնի, թավշյա հեղափոխություն»-ից, երբ Հայաստանի Հանրապետությունը բռնեց ժողովրդավարության ճանապարհը, խնդիրներ առաջացան քաղաքական մշակույթի ընկալման մակարդակում։ Ժողովրդավարությունը բնութագրվում է ոչ թե հպատակներով, այլ քաղաքացիներով, ժողովրդավարության անցումը Հայաստանում նույնիսկ էլիտաների շրջանակներում լիովին չընկալվեց։

Ժողովրդավարությունը որպես արժեք, ցավոք, մինչ օրս այդպես էլ չեն գիտակցում մեր հասարակության որոշ շերտեր: Եվ եթե հայը չփոխի իր մտածելակերպը, սովորույթները, աշխարհընկալումը, արժեհամակարգը, այդ պետությունը չի ստեղծվի։ Չորրորդ հանրապետությունը պետք է ծնվի ազատ, մտածող ու արարող, անարդարության հետ անհաշտ հայի շնորհիվ։ Մովսեսի քառասուն տարվա դեգերումների արդյունքում ծնված ազատ սերնդի նման մենք էլ պետք է ծնենք ազատ հային՝ մտքով ու հոգով ազատին, Հայաստանի Հանրապետությանը ծառայող, Հայաստանի Հանրապետությունում հարստացող և իր պետականությունը հզորացնող հային։

Այստեղ կարևոր է հայկական կապիտալի ինստիտուտը։ Այն մեծահարուստները, այն արտադրողները, որոնք հենց Հայաստանում են արտադրում, կամ ամեն հնարավոր թելերով կապված են Հայաստանի հետ, մեր տնտեսության ողնաշարն են, սակայն եթե նրանք իրենց սիրտը պահում են դրսերում, ապա նրանք ՀՀ-ի համար չեն մտածելու։ Սովորաբար նորանկախ պետություններին բնորոշ է, որ ձևավորվում է օլիգարխների մի նոր շերտ, որոնք ոչ մի, բացարձակ ոչ մի կապ չունեն տվյալ պետության հետ։ Սակայն նրանք առաջին մակարդակն են, կատարում են առաջին քայլը՝ Մարքսի ասած՝ կապիտալի նախնական կուտակում։ Դրանից հետո, երբ գալիս են ազգային, պետականակերտ իշխանություններ, ինչը ևս բնական քաղաքական պրոցես է, ապա այդ օլիգարխիան սկզբից դիմադրում է, հետո հանձնվում է նոր կանոններին։

2018թ.-ից հետո Նիկոլ Փաշինյանը, տնտեսական նկատառումներից ելնելով, գիծ քաշեց շատերի համար, ներեց իրենց անցյալ կյանքը և շանս տվեց կուտակած միլիոնները դնել ՀՀ տնտեսության մեջ, նոր հարստություն ստանալ, միայն թե դա լինի արդար։ Դրանց մեջ կային մարդիկ, որոնք իրենց ունեցած մեծ կապիտալի շնորհիվ մտել էին նաև քաղաքականություն։ Շատերը հենց այդպես էլ արեցին, արագ հասկանալով փոփոխությունների ժամանակն ու ձևը՝ դուրս եկան քաղաքականությունից և սկսեցին մաքուր բիզնես վարել։ Նման դեպքերում, ինչպես ասում են, լավագույն լուծումը։

Սակայն կան մարդիկ, որ ոչ միայն չհասկացան դա, այլ նաև փորձեցին նորից մտնել քաղաքականություն, որը երբեք իրենցը չի եղել, արհեստական է եղել, ավելին՝ նրանց ժամանակին հենց այդ դաշտում են պահել, որ օգտագործեն։ Այն օլիգարխները, որոնք չեն հասկացել փոփոխությունների մարտահրավերը, չեն հասկացել, որ նրանք պետք է ծառայեն ՀՀ շահերին և միայն այդպես կարող են կապիտալը մեծացնել, դրան էլ գումարած ուրիշ ինչ-որ կրակների մեջ են, ապա ունեն մեծ խնդիրներ։ Նրանք պետք է դուրս գան իրենց ստատուսից հանուն ՀՀ պետականության։ Սա անխուսափելի է, սակայն մեզ պետք է այդ փոփոխությունը լինի հայ գործարարի գլխում։ Հայերեն մտածող գործարար է մեզ պետք։

Հայերեն մտածող գործարարը այն ազատ հայն է, որ պետք է լինի չորրորդ հանրապետության քաղաքացին։ Նա իրավունք չունի ծառայելու այլոց շահերին։ Միայն նոր հանրապետության դեպքում իր նոր Սահմանադրությամբ, իր քաղաքացու և պետության իրավահարաբերություններով, իր կրթությամբ, իր արժեհամակարգով քաղաքացին կհասկանա, որ իր կյանքի նախորդ փուլը սխալ է եղել։

2018-2026թթ․, ցավոք, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար շատ ծանր տարիներ եղան, մենք մի կողմից ծանր կորուստների գնով «վայելեցինք» մեր սխալ արժեհամակարգի երեսնամյա վերակառուցման կեղծիքի դառը պտուղը, իմիտացիայի և ինքնախաբեության պտուղը, մյուս կողմից Ֆրանսիական մեծ հեղափոխության դիրեկտորիայի նման ուղենշեցինք այն ուղին, որով պետք է շարժվենք։

2025թ․ օգոստոսին Վաշինգտոնում կնքված փաստաթղթերը նոր սկիզբ են, նոր պետականության, իրական պետականության սկիզբն են։

Հայոց հարյուրամյա ստրկությունն իր մահն է գտնում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ, որը, բացի Սյունիքը ՀՀ-ի անբաժանելի մասը պահելուց, այս քայլերով հիմք է դնում իրական անկախության, իրական պետականության։ Այս երևույթների գիտակցությունը մենք այս պահին չունենք, կհասկանանք երևի մի հարյուր տարի անց։ Չնայած հասկացող մարդիկ, տեսնելով կայսրության ռեակցիան, շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվում։

2018թ․ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ հեղափոխություն, սակայն հայի գլխում տեղի չունեցավ այդ հեղափոխությունը, այնտեղ շատ երկար ժամանակ էր նստած մնացել ստրկամտությունը։ Հիմա ժամանակն է, որ այդ հեղափոխությունը լինի ՀՀ քաղաքացու արժեհամակարգային ընկալման մեջ։ Իսկ այդ ամենի լավագույն տիրույթը Իրական Հայաստանն ու Չորրորդ Հանրապետությունն են։ Այն պետք է լինի մեր հասարակության նոր հայեցակարգի հիմքը՝ անշուշտ շեշտը դնելով պետությունը որպես ինքնություն դարձնելու վրա։ Երրորդ հանրապետությունը պետք է դիտարկել անցյալ, և այս իրողության հետ օր առաջ պետք է սթափ ձևով առերեսվել։

Աշխարհաքաղաքական փոփոխությունները ստիպում են մեր գործողությունների արագությունը և արդյունավետությունը կարևորել։ Մենք իրական անկախության և պետականության ստեղծման հնարավորություն ենք ստացել։ Մենք մեր պետական ինստիտուտների փաստացի վերաստեղծման գործը պետք է հաջողենք, ձևից անցնենք իրական բովանդակության։ Մայիսի 28-ի զորահանդեսն էլ դրա վկայությունն էր։ Հայկական բանակը նոր զենք ու համազգեստ ունի, դա շատ լավ է, սակայն մեզ պետք է, որ այդ փոփոխությունը լինի հայ զինվորականի գլխում։ Հայերեն մտածող զինվորական է մեզ պետք։

Իհարկե, չորրորդ հանրապետության հիմնադրումն առաջին հերթին պետք է լինի լիարժեք անկախության, ռուսական լծի վերջնական թոթափման, կամ ինչպես ՀՀ վարչապետն է ասում՝ մեկից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելուց հետո միայն։

Մեր կիսաանկախության շրջանը, մեր պետականության կերտման իմիտացիան մեր դժբախտությունների հիմքերից մեկն է։ Բարեբախտաբար, չորրորդ հանրապետության, իրական պետականության համար կա նաև պատմական մեծ հնարավորություն, որից հարկավոր է օգտվել։ Աշխարհաքաղաքական վերադասավորումները փոփոխվում են, չորրորդ արդյունաբերական դարաշրջանն իր գիտատեխնիկական պոռթկումներով նպաստում է այդ ամենին։ Վաշինգտոնում կատարվեց այդ դարակազմիկ քայլը։ Չորրորդ հանրապետության հիմնադրումը նաև խորհրդանշական է․ ՀՀ-ում հիմնադրվում է արհեստական բանականության հետ կապ ունեցող ֆերմաներ, սկսվում են չիպերի արտադրություններ, հայկական դպրոցներում առաջատար ծրագրերը դառնում են հասանելի և այլն։

Չորրորդ հանրապետությունը պետք է լինի կենսունակ և հարատև։

Այո՛, հիմա Պապ թագավորը չպիտի սպանվի, այլևս բյուզանդիաներից Հայաստանում մարզպաններ չպետք է նշանակեն, և պետք է ծնվի նոր հայը, նոր բանակը, նոր եկեղեցին և նոր հանրապետությունը։

Վան Սեբաստացի

Կիսվել սոց․ ցանցերում