Ապարանի ջրամբարի լցվածությունը ռեկորդային մակարդակի է հասել՝ 87.27 մլն խմ

Ապարանի ջրամբարի լցվածությունը ռեկորդային մակարդակի է հասել՝ 87.27 մլն խմ

Ջրային կոմիտեից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է 87.27 մլն խորանարդ մետրի, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Ըստ կոմիտեի՝ ջրամբարի բարձր լցվածությունը պայմանավորված է բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, որոնք նպաստել են ջրային պաշարների էական համալրմանը։

Նշվում է, որ ջրամբարի տարեկան առավելագույն լցվածության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին, երբ ջրի ծավալը կազմել էր 61.93 մլն խորանարդ մետր։ Այս տարվա ցուցանիշը նախորդ ռեկորդը գերազանցել է շուրջ 25.3 մլն խորանարդ մետրով։

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2016-2026 թվականներին ջրամբարի լցվածության մակարդակը զգալի տատանումներ է ունեցել։ Ամենացածր առավելագույն ծավալը գրանցվել է 2023 թվականին՝ 26.81 մլն խորանարդ մետր, մինչդեռ 2024 թվականին այն վերականգնվել է՝ հասնելով 52.86 մլն խորանարդ մետրի։ 2025 թվականին առավելագույն լցվածությունը կազմել է 45.98 մլն խորանարդ մետր, իսկ 2026 թվականին արձանագրվել է կտրուկ աճ՝ հասնելով 87.27 մլն խորանարդ մետրի։

Ջրային կոմիտեի գնահատմամբ՝ ջրամբարում կուտակված ռեկորդային պաշարները կարող են դրական ազդեցություն ունենալ առաջիկա ոռոգման սեզոնի ջրամատակարարման ապահովման վրա։

Կիսվել սոց․ ցանցերում