Այսօր՝ հուլիսի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան քաղաքի թիվ 2-րդ հիմնական դպրոցի մոտ էին հավաքվել դպրոցին հարակից շենքերի մեծ թվով բնակիչներ, ովքեր պահանջում էին, որպեսզի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխան տա, թե ինչն է եղել պատճառը, որ 100-ից ավելի բնակիչներ չեն կարողանում իրենց երեխաներին գրանցել նշված դպրոցի 1-ին դասարանում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները զայրացած ասում էին. «Կրթության և գիտության նախարարությունը ջայլամի կեցվածք է ընդունել։ Երեխաներին առաջին դասարան տանելու համար ինչ-որ համացանցով պիտի գրանցվեինք ու մեզ տրամադրել էին էլեկտրոնային ինչ-որ հասցե, բայց այդ հասցեն մեկ ժամ էլ չի աշխատել ու հենց ԿԳՄՍՆ-ի կամ անզգուշության, կամ դիտավորյալ անփութության պատճառով մենք բոլորս հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։
Դիմել ենք մարզպետարան, բայց այնտեղից մեզ հայտնել են, որ այդ խնդիրը պիտի կարգավորվի նախարարության հետ։ Նախարարություն էլ ենք դիմել, նախարարին էլ, ցավոք, «ձայն բարբառո հանապատի»։ Հիմա ո՞վ է պատասխան տալու մեզ, ո՞վ է մեր խնդիրը լուծելու։ Խնդիր, որը բավականին արդարացիորեն բարձրաձայնում ենք։ Էդ նախարարությունից էլ չեն էլ պատասխանում, եթե այդպես է, էլ ինչո՞ւ է այդ նախարարություն գործում։ Ավելի լավ է փակեք, մենք էլ իմանանք՝ ինչ անեք։ Դիմել ենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց այնտեղից էլ դեռ պատասխան չենք ստացել։
Հիմա պահանջում ենք շատ արագ լսեն, թեպետ լավ էլ գիտեն խնդրի մասին, ու լուծեն էս հարցը, հակառակ դեպքում էս ամբողջ ծնողներով առաջին դասարան դեռ չտարած մեր երեխաների հետ գալու ենք Երևան ու կառավարության առջև մեր բողոքի ձայնը բարձրացնենք։ Ընդհուպ պատրաստ ենք անժամկետ նստացույց անել։ Բայց կարծում ենք՝ եթե Նիկոլ Փաշինյանը խառնվի, բանը դրան չի հասնի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2026/07/01/1308242
