ԿԳՄՍՆ հրապարակել է Կառավարության որոշումը. ինչ է սահմանվել

Կառավարության որոշմամբ՝ սահմանվել են արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական ու վարչատնտեսական աշխատողների պաշտոնների միասնական անվանացանկը և պաշտոնների նկարագրերը՝ նպատակ ունենալով ստեղծել ոլորտում աշխատողների պաշտոնների, գործառույթների և դրանց ներկայացվող մասնագիտական պահանջների միասնական իրավական հիմք։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նոր կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է արտադպրոցական կրթության համակարգի զարգացման, կազմակերպությունների և կենտրոնների գործունեության առանձնահատկություններին համապատասխան պաշտոնների հստակեցման, ինչպես նաև աշխատողների գործառույթների և որակավորման պահանջների միասնական կարգավորման անհրաժեշտությամբ։

«Յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանվում են աշխատանքային հիմնական գործառույթները, գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև պաշտոնը զբաղեցնող անձի որակավորման նվազագույն պահանջները: Այս մոտեցումը հնարավորություն կտա պաշտոնի անվանումը և դրա փաստացի բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց՝ ապահովելով գործառույթների և պատասխանատվության առավել հստակ տարանջատում։

Մանկավարժական պաշտոնների մասնագիտացված մոտեցում

Մարզական ուղղության կազմակերպությունների համար նախատեսվում են համապատասխան մասնագիտացված պաշտոններ՝ մարզիչ-մանկավարժ, հրահանգիչ-մեթոդիստ, ակրոբատիկայի մարզիչ-մանկավարժ, փրկարար մարզիչ-մանկավարժ և այլ պաշտոններ։

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար սահմանվում են տվյալ ոլորտների մասնագիտական գործունեությանը համապատասխան պաշտոններ։

Պաշտոնների նկարագրերում ընդգծվում են երեխաների զարգացմանը, կրթական և ստեղծագործական գործընթացի կազմակերպմանը, անվտանգության և առողջության պահպանմանը վերաբերող գործառույթները։

Վարչատնտեսական գործառույթների հստակեցում

Սահմանվում են նաև ֆինանսատնտեսական կառավարման, հաշվապահական հաշվառման, անձնակազմի կառավարման, գործավարության, տեխնիկական սպասարկման և այլ ուղղությունների պաշտոններ։ Հաշվի են առնվում կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից բխող հատուկ վարչատնտեսական կարիքները։

Որոշման ընդունմամբ կբարձրանա աշխատողների գործառույթների և պատասխանատվության հստակությունը, կստեղծվեն ավելի կանխատեսելի պայմաններ աշխատողների ընտրության, աշխատանքի կազմակերպման և որակավորման պահանջների սահմանման համար, կբարելավվեն արտադպրոցական կազմակերպությունների կառավարման մեխանիզմները և կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում, ինչպես նաև մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել է շուրջ 5543 ուսուցիչ, իսկ մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են շուրջ 2300 մարզիչ-մանկավարժներ։

Հաշվի առնելով, որ նոր կարգավորումների ներդրումը կարող է առաջացնել կազմակերպչական աշխատանքների անհրաժեշտություն՝ որոշումն ուժի մեջ կմտնի 2027 թվականի սեպտեմբերի 1-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում