Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Սալոնիկից Գերմանիայի Մեմինգեն մեկնող Ryanair ավիաընկերության Boeing 737 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել, երբ օդում կոտրվել է պատուհաններից մեկը: Խցիկի ճնշման կտրուկ անկման հետևանքով սերբ ուղևորին օդի հոսքը մասամբ դուրս է քաշել, սակայն մյուս ուղևորները կարողացել են նրան ժամանակին ներս քաշել։ Այս մասին գրում է Reuters-ը։

Ըստ հունական լրատվամիջոցների և օդանավակայանի աղբյուրների՝ շարժիչից պոկված բեկորը հարվածել ու ճեղքել է ապակին: Տուժած տղամարդը հոսպիտալացվել է Սալոնիկի ԱՀԵՊԱ համալսարանական հիվանդանոցում. նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի օդային տարածքում: ԱՄՆ ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) և Boeing-ը աջակցում են հետաքննությանը։ Նմանատիպ՝ շարժիչի խափանման հետևանքով իլյումինատորի վնասման դեպք գրանցվել էր նաև 2018-ին ԱՄՆ-ում, ինչը ավարտվել էր ուղևորի մահվամբ։

Կիսվել սոց․ ցանցերում