Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում

Նորվեգիայի հարավում գտնվող Դրամեն համայնքում խոշոր հրդեհի հետևանքով ավելի քան 100 տուն է ոչնչացել, մի քանի հարյուր մարդ տարհանվել է, հայտնում է NRK հեռուստառադիոընկերությունը։

«Ուրբաթ օրվա երկրորդ կեսից Կրոկստադելվ քաղաքում շատ ուժեղ հրդեհ է մոլեգնում… Ավելի քան 100 տուն ամբողջությամբ վնասվել է, և մի քանի հարյուր մարդ տարհանվել է»,- հաղորդում է NRK-ն։

Ըստ հեռուստառադիոընկերության՝ ուրբաթ՝ Մոսկվայի ժամանակով մոտ 16։30-ին, ոստիկանությունն ահազանգ է ստացել թաունհաուսում բռնկված հրդեհի մասին, որն այնուհետև տարածվել է այլ տների ու հարակից տարածքների վրա։ Տուժել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ։ Բացի այդ, ութ ոստիկան ծխահարվել է։

Վեստֆոլ շրջանի միջհամայնքային հրշեջ ծառայության պետ Յան Հելգե Կայսերի խոսքով՝ շաբաթ առավոտյան հրդեհը մեկուսացվել է, սակայն մարման աշխատանքները օրվա ընթացքում կշարունակվեն. բնակելի գոտում և հարակից անտառում դեռևս պահպանվում են բռնկման մի քանի օջախներ։ Նրա խոսքով՝ օպերացիային ներգրավված է հրշեջ տասը ստորաբաժանում։ Ինչպես նշում է NRK-ն, գիշերն ամպրոպի պատճառով աշխատանքները դադարեցվել էին։

Կիսվել սոց․ ցանցերում