Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Ստուգման արդյունքում արձանագրվել են հետևյալ խախտումները.
Արտադրամասի պատերն ունեցել են վնասված հատվածներ, իսկ մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերով։
Առաստաղները չեն ապահովել պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ, ինչը նպաստել է կեղտի կուտակմանն ու մասնիկների թափվելու վտանգին։
Բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։
Դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, եղել են վնասված և կոռոզիայի ենթարկված։
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթներն ու դարակաշարերը չեն համապատասխանել հիգիենայի պահանջներին և չեն պահպանվել բարվոք վիճակում։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար։
Խախտումների վերացման համար սահմանվել է հստակ ժամկետ։
