Գյուղացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհը․ պահանջում են լուծել լոլիկի մթերման խնդիրը

Այսօր՝ հուլիսի 31-ին, քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը։

MediaHub-ի փոխանցմամբ՝ ճանապարհ փակելու պատճառը լոլիկի մթերման հետ կապված խնդիրն է։ Ակնալճի վարչական ղեկավարի գրասենյակից հայտնել են, որ գյուղացիները դեռևս պայմանագրեր չունեն վերամշակող ընկերությունների հետ, մինչդեռ բերքն արդեն հասունացել է, և անհրաժեշտ է սկսել բերքահավաքը։

Գյուղացիները մտահոգված են, որ չեն կարողանա իրացնել իրենց արտադրանքը և պահանջում են հստակ լուծումներ ու պետական աջակցություն՝ նշելով, որ հակառակ դեպքում կարող է վտանգվել իրենց ամբողջ տարվա աշխատանքը։

Տեղում եղել է նաև Արմավիրի մարզպետի տեղակալը, որը հանդիպել է քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու քննարկել հնարավոր լուծումները։

Թե ինչ որոշումներ կկայացվեն և ինչ քայլեր կձեռնարկվեն գյուղացիներին աջակցելու համար, դեռևս հայտնի չէ։

Կիսվել սոց․ ցանցերում