Կյանքից հեռացել է խորհրդային նավատորմի լեգենդար ղեկավար Յուրի Վոլմերը

93 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ծովային նավատորմի նախկին նախարար Յուրի Վոլմերը, հայտնում են Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունից։ Նա խորհրդային ծովային գերատեսչությունը ղեկավարել է 1986-1991 թվականներին։

Յուրի Վոլմերը ծնվել է 1933 թվականի օգոստոսի 28-ին՝ Հեռավոր Արևելքում։ 1957 թվականին ավարտելով Վլադիվոստոկի բարձրագույն ինժեներական ծովագնացության ուսումնարանը՝ նա անցել է աշխատանքային հարուստ ուղի՝ շարքային նավաստուց հասնելով մինչև հեռավոր նավարկության նավապետի աստիճանի։

1981-1986 թվականներին Վոլմերը գլխավորել է Հեռավորարևելյան ծովային շոգենավային ընկերությունը՝ այն դարձնելով խորհրդային առևտրային նավատորմի առաջատար ձեռնարկություններից մեկը։

1986 թվականի հոկտեմբերի 24-ին ստանձնելով ԽՍՀՄ ծովային նավատորմի նախարարի պաշտոնը՝ նա ակտիվորեն լծվել է նավահանգստային ենթակառուցվածքների զարգացմանը, ժամանակակից փոխադրական համալիրների ստեղծմանն ու արտասահմանյան նավաշինարաններում նոր նավերի կառուցման ծրագրերի իրականացմանը։

Ակնառու ծառայությունների համար Յուրի Վոլմերը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի, Ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով, ինչպես նաև արժանացել «Ծովային նավատորմի պատվավոր աշխատող» կոչմանը։

ՌԴ տրանսպորտի նախարարությունը ցավակցություն է հայտնել նախկին նախարարի հարազատներին ու մտերիմներին՝ ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը ծովային ոլորտի և խորհրդային առևտրային նավատորմի զարգացման գործում։

Կիսվել սոց․ ցանցերում