«Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները»:
Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ «Արարատցեմենտ»-ը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո, դրա հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել:
«Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որն ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության սահմաններից դուրս, Նարեկ Նալբանդյանն է: Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով:
Ես իրավապահ մարմիններին ասել եմ՝ թեկուզ մի փոքր հիմնավորում լինի, որ Նարեկ Նալբանդյանը փորձ է անում, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, հավաստիացնում եմ, որ նա կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները, հակառակը՝ զարմանում եմ, թե ամեն անգամ, երբ այդպիսի հրապարակում է լինում, ինքն ինչո՞ւ չի հերքում․ սա մեզ նյարդայնացնում է ահավոր:
Իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ, զգուշացնում եմ բոլոր գործարարներին՝ ով կփորձի ստեղծել այդպիսի տպավորություն, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից»,- ասել է Փաշինյանը:
Նշենք՝ Նալբանդյանին պատկանող «Eighty Eight» հյուրանոցային համալիրի էջում ավելի վաղ հրապարակվել է տեղեկատվություն, թե տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարանը» ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։
Մամուլում այնուհետև հրապարակումներ են արվել, թե նա գնել է նաև «Արարատցեմենտ»-ը, նրա և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև սերտ կապեր կան. ըստ այդ հրապարակումների՝ Նարեկ Նալբանդյանը, իբր, իշխանությունների «սրտի գործարարն» է:
