Կարող եք ինձ էլ կաթողիկոս համարել. ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է

«Բացի վարչությունում քննարկելուց՝ դուք ականատես եղաք, որ այն, ինչ մենք առաջարկեցինք և խոսեցինք՝ կապված Կտրիճ Ներսիսյանի հետ, աջակցություն գտավ նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ այդ զեկույցի վերջնանպատակը կաթողիկոսի հեռացո՞ւմն է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Կաթողիկոսի չէ, Կտրիճ Ներսիսյանի», որին ի պատասխան՝ լրագրողն ասել է՝ մեզ համար կաթողիկոս է:

Լրագրողը հետաքրքրվել է՝ ընտրությունների արդյունքները մանդա՞տ են ամբողջ ժողովրդի անունից կաթողիկոսի հեռացման հարցը օրակարգ բերելու, որին ԱԽ քարտուղարը պատասխանել է՝ իսկ ի՞նչն է մանդատը, եթե ոչ ժողովրդի քվեարկությունը:

Դիտարկմանը՝ պետք է հաշվի առնել նաև ընդդիմության ստացած ձայները, Ալեն Սիմոնյանն ասել է.

«Այսինքն՝ ընդդիմությունը կրոնական ինչ-որ կազմակերպությո՞ւն է: Իրենք իրենց ծրագրում նման դրույթ ունեցե՞լ են՝ կապված եկեղեցու ստեղծված իրավիճակի հետ, ունեցե՞լ են՝ չեն ունեցել, չէ՞: Մենք ունեցել ենք, որի համար նաև ինչ-որ ձևով քննադատվել ենք»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայ առաքելական եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց:

Կիսվել սոց․ ցանցերում