Պատմության մեջ ամենաուժգին շոգը կարող է ավելի քան 451 000 մարդու կյանք խլել

Կլիմայական փոփոխությունների հետևանքներն ուսումնասիրող Climate Impact Lab կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Էլ-Նինյո բնական երևույթով պայմանավորված ուժեղ շոգը մոտակա ամիսներին կարող է հանգեցնել ավելի քան 451 հազար մարդու մահվան: Մասնագետների կանխատեսմամբ՝ օվկիանոսա-մթնոլորտային այս անսովոր հզոր գործընթացը կարող է դառնալ պատմության մեջ ամենաուժգինը:

Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր և կազմակերպության համահիմնադիր Մայքլ Գրինսթոունը նշել է, որ հետազոտությունը հնարավորություն է տալիս կանխատեսել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մարդկային մահացության վրա: Նրա խոսքով՝ ներկայացված տվյալները թույլ են տալիս պատասխանատու մարմիններին հստակ որոշել վտանգավոր գոտիները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնակչությանը փրկելու համար:

Հեղինակների գնահատմամբ՝ ընթացիկ երևույթը ծառայում է որպես ապագայի նախազգուշացում՝ ցույց տալով այն ջերմաստիճանային պայմանները, որոնք գլոբալ տաքացման հետևանքով կարող են նորմա դառնալ երկու տասնամյակ անց: Միևնույն ժամանակ, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտնել է, որ Էլ-Նինյոյի՝ մինչև 2027 թվականի փետրվար պահպանվելու հավանականությունը մոտենում է 100 տոկոսի, իսկ իր գագաթնակետին այն կհասնի ընթացիկ տարվա վերջին:

Կիսվել սոց․ ցանցերում