Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը, քանի որ հայկական կողմը չի ներկայացրել դրանց արտադրության ընթացքում արձանագրված խախտումների վերացման վերաբերյալ հաստատող փաստաթղթեր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։
Ավելի վաղ ռուսական կողմը հայտնաբերված խախտումների պատճառով սահմանափակել էր հայկական մի շարք ապրանքների՝ հանքային ջրից և ալկոհոլային խմիչքներից մինչև բանջարեղեն, մրգեր, ձկնամթերք և կաթնամթերք, ներմուծումը։
«Ռոսսելխոզնադզոր»-ից նշել են, որ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և դիմումներ, ինչը բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։
«Խախտումների վերացման վերաբերյալ հաստատող փաստաթղթեր Հայաստանի կողմից «Ռոսսելխոզնադզորին» չեն ներկայացվել։ Հայաստանի տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և դիմումներ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Այդ մասին տեղեկությունը փոխանցվել է հայկական կողմին»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
