ՆԳՆ-ն՝ Երևանում հնչած կրшկոցների և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդու մասին

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի հատվածում առկա վնասվածքով շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։

Ըստ նախնական տվյալների՝ նշված անձը վնասվածք է ստացել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում՝ վիճաբանության ընթացքում։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։ Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք՝ Auroranews.am-ը կապ  էր հաստատել Ներքին գործերի նախարարության հետ՝ մանրամասներ ճշտելու համար․

«Վնասվածքով բժշկական կենտրոն տեղափոխված անձ կա։ Այս պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- Auroranews.am-ին հայտնել էին գերատեսչությունից։

Կիսվել սոց․ ցանցերում