Հռոմի պատմական Circo Massimo վայրում հոկտեմբերի 8-12-ը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսը մեկ հարկի տակ է համախմբել աշխարհի տարբեր անկյունների ագրոպարենային համակարգերի բազմազանությունն ու յուրահատկությունը՝ ներկայացնելով արտադրանք, պատմություններ, նորարարություններ և ավանդույթներ։ Այդ նույն ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներից ժամանած խոհարարներն անցկացնում են խոհարարական ցուցադրություններ՝ նվիրված բաղադրիչներին, համերին և խոհարարական ավանդույթներին։
Ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 12-16-ը Հռոմում կայանալիք Պարենի համաշխարհային ֆորումի և Պարենի համաշխարհային օրվանն ընդառաջ:

ՄԱԿ-ի ՊԳԿ-ում Հայաստանի ներկայացուցչության նախաձեռնությամբ և ջանքերով ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պավիլիոնի շրջանակում: Հայկական տաղավարը այցելուներին հրավիրում է բացահայտելու երկրի հարուստ գյուղատնտեսական ներուժը, հազարամյակների պատմությունը, մշակույթն ու ազգային ավանդույթները։
Մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ Հայաստանի տաղավար են այցելել ՊԳԿ գլխավոր տնօրեն Քու Դունյուն, գլխավոր տնօրենի տեղակալ Բեթ Բեչդոլը, ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ, ՊԳԿ գլխավոր տնօրենի օգնական Վիորել Գուտուն, այլ տարածաշրջանային ներկայացուցիչներ և ՊԳԿ ղեկավար անձնակազմ:
Հայկական համն ու ինքնությունը՝ միջազգային հարթակում
Հայկական տաղավարում ներկայացված են Հայաստանի գյուղատնտեսական և սննդային արտադրանքը, հայկական գինիներն ու կոնյակը, ազգային զարդանախշերով ձևավորված սպասք, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմական և մշակութային ժառանգությունն ու ինքնությունը ներկայացնող նյութեր։
Յուրաքանչյուր ցուցանմուշ պատմում է Հայաստանի մասին՝ հոգևոր ժառանգության, տառարվեստից ու ավանդույթներից մինչև ժամանակակից արտադրանք։
Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել և բարձր գնահատանքի արժանացել բազմաթիվ այցելուների կողմից, իսկ աշխարհահռչակ կոնյակի և այլ նմուշների համտեսը ջերմ արձագանք է գտել՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայաստանի ինքնատիպությունն ու միջազգային հանրությանը ներկայանալու ներուժը։
Առանձնահատուկ հետաքրքրություն է վայելում նաև լավաշը՝ հայկական խոհարարական ավանդույթի խորհրդանիշը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
