Թր ամփը կոչ է արել Ուկրաինային նոր նախագահ ընտրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային ժամանակն է նոր նախագահ ընտրելու։ Այսպես է նա պատասխանել Սպիտակ տան մոտ լրագրողների այն հարցին, թե ինչ կասի Ուկրաինային տրամադրվող օգնության և այն մարդկանց մասին, ովքեր ամեն օր տառապում են հրթիռային հարվածներից ու սովից։ Այս մասին հայտնում է The Insider-ը։

Թրամփն ասել է․

 

«Դե ինչ, ես համաձայն եմ ձեզ հետ։ Եվ գիտե՞ք ինչ եմ առաջարկում. առաջարկում եմ նրանց գտնել նոր առաջնորդ, ով կկարողանա գործարք կնքել, քանի որ Զելենսկին կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով երբեք դա չի անում։ Եվ թույլ տվեք ավելի հեռուն գնալ։ Եթե ես լինեի նախագահ, այս պատերազմը երբեք չէր լինի։ Դուք արդեն չէիք կորցնի ձեր երկրի 30%-ը։ Դուք կորցրել եք ձեր երկրի 30%-ը, և երկու կողմից էլ զոհվել է ավելի քան 1 միլիոն մարդ, զոհվել է ավելի քան 2 միլիոն մարդ։ Սա մի պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Եվ ես կարծում եմ, որ Ուկրաինային ժամանակն է նոր նախագահ ունենալու»։

Դրանից առաջ Թրամփը պահանջել էր Զելենսկիից դադարեցնել հարվածները ռուսական նավթամթերքի վերամշակման գործարաններին.

 

«Զելենսկին կարող էր կարգավորել այս պատերազմը շատ ու շատ անգամներ, բայց որոշեց դա չանել։  Մենք ասացինք՝ արեք Ռուսաստանի հետ այն ամենը, ինչ ցանկանում եք, միայն մի՛ խփեք նավթամթերքի վերամշակման գործարաններին, քանի որ դա համաշխարհային խնդիր է։ Իսկ նա ցանկանում է խնդիրներ ստեղծել աշխարհի, մեր ֆերմերների համար, քանի որ Ռուսաստանն ամբողջ աշխարհին մատակարարում է դիզվառելիքի զգալի մասը։ Եվ ի՞նչ է անում նա։ Նա գնում և հարվածում է դիզվառելիքին»։

Նախօրեին Վլադիմիր Զելենսկին քննադատել էր Ռուսաստանի հետ ռուսական դիզվառելիքի մատակարարման շուրջ Թրամփի ձեռք բերած պայմանավորվածությունը։ Ուկրաինայի նախագահը Ռուսաստանին նավթամթերքով առևտուր անելու թույլտվությունը որպես «ներդրում պատերազմի մեջ» էր որակել և զգուշացրել, որ Մոսկվան դիզվառելիքի դիմաց «կվարձատրի» նոր ահաբեկչություններով։ Պատժամիջոցների ցանկացած թուլացում առանց լարվածության թուլացման (ապաէսկալացիայի) մասին երկարաժամկետ պայմանավորվածության նա անվանել էր «ակնհայտ թուլություն»։ Զելենսկու խոսքով՝ Կիևը պատրաստ է դադարեցնել հարվածները ռուսական ՆՎԳ-ներին, եթե Ռուսաստանը դադարի ավերել ուկրաինական էներգետիկան։

 

Հոկտեմբերի 9-ին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր ամերիկյան և համաշխարհային շուկաներ 4,8 միլիոն տոննա ռուսական դիզվառելիքի մատակարարման մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անմիջապես ժամանակավոր գլխավոր լիցենզիա էր տվել նման մատակարարումների համար։ Ավելի վաղ Թրամփը բազմիցս պահանջել էր Զելենսկիից դադարեցնել հարվածները ռուսական ՆՎԳ-ներին՝ դրանք կապելով դիզվառելիքի թանկացման հետ։

Կիսվել սոց․ ցանցերում