Հայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտոր

Վրաստան-Հայաստան սահմանին կանխվել է շուրջ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի ապօրինի ներմուծման փորձը։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը:

Գերատեսչության տվյալներով՝ «Սադախլո» մաքսային անցակետում օտարերկրյա պետության քաղաքացին փորձել է Վրաստան տեղափոխել տարբեր չափերի՝ ընդհանուր 1707 գրամ ոսկու ձուլակտորներ՝ դրանք թաքցնելով գուլպաների և կոշիկների մեջ։

Փորձաքննության արդյունքում առգրավված թանկարժեք մետաղի մաքսային արժեքը գնահատվել է 576 585 լարի, ինչը համարժեք է շուրջ 225 հազար դոլարի։

Գործի նյութերն ուղարկվել են իրավասու մարմիններին՝ հետագա քննության և օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկման համար։

Կիսվել սոց․ ցանցերում