Տղայիս եմ ուզում, Հայկազովում պայթյունից հետո չենք գտնում տղայիս, տղաս չկա։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված Անահիտ Սարգսյանը։
Կինը պատմեց, որ դստեր ընտանիքի հետ ժամանակավորապես ապաստանել են Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մի ծանոթի տանը։
«Գիշերը գետնին եմ քնում, առավոտն իջնում եմ՝ մի սկամեյկայի վրա նստում ՝ լաց եմ լինում, հետո գնում եմ մի հարևան մի բաժակ չայ է տալիս, խմում եմ, հետո էլի գալիս սկամեյկայի վրա նստում եմ։
Ուրիշի տանը ոնց լացեմ, լիքը մարդ կա, լիքը երեխա»։
Տիկին Անահիտի փոխանցմամբ՝ գալուց Վայքում գրանցվել են, պետության կողմից կացարան առաջարկվել է, բայց որդուն՝ Սեյրան Աղաբաբյանին գտնելու համար պետք էր Երևան գալ։
«Մի հեռու գյուղ են առաջարկել գնալ, անունը ոչ լսել եմ, ոչ էլ գիտեմ՝ որտեղ է, երբ իմացա, որ տղաս չկա՝ Երևան եկանք։
Շատ դժվար ենք եկել, ճանապարհին ասացին բենզակալոնկան պայթել է, չենք իմացել, որ տղաս էլ է ենտեղ եղել, ինձ չէին ասում, բայց սիրտս վկայեց, մտածեցի իմ երեխան էլ չկա, պիտի արդեն եկած լիներ։ Վերջին անգամ տղայիս հետ ճանապարհին եմ խոսել, միասին դուրս եկանք Ստեփանակերտից, ասաց՝ դուք գնացեք, ես կհասնեմ։ Գնացել էր բենզին գնելու, հետո իմացանք, որ էն տեղը, ուր գանցել էր՝ բենզին չկար, մեկն ասել էր՝ Հայկազովի զապրավկայում կա։
Երբ տեսանք ուշանում է՝ հարց ու փորձ արեցինք, մարդիկ ասացին, որ Սեյրանիս այնտեղ տեսնողներ են եղել, դրանից հետո՝ եկանք Երևան ու միանգամից գնացել ենք հիվանդանոցներ։ Այսօր էլ ԴՆԹ անալիզ եմ տվել, չեմ կարող ամեն անգամ գնալ-գալ դրա համար էլ Երևանում ենք ուզում մնալ»։
Կնոջ խոսքերով՝ Ստեփանակերտում բավական ընդարձակ տուն է թողել, սեփականության վկայականն էլ նկարել է։ «Աչքիս ոչ մի բան չի եկել, ասել եմ՝ դուրս գանք, գոնե երեխեքին փրկենք, ով իմանար որ էսպես կլինի, արդեն ես էլ չգիտեմ, ուր գնալ, ինչ անել…»։
Լուսանկարում կնոջ տղան է՝ Սեյրան Աղաբաբյանը, ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրա մասին, խնդրում ենք, հայտնել ընտանիքին։
