Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեռևս անհայտ հանգամանքներում Վայք քաղաքի սկզբնամասում, Ջերմուկի խճուղի 22/Ա հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետում, մոտ 15 տ տարողությամբ հեղուկ գազի ցիստեռում հրդեհ է բռնկվել։
Կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, Վայոց ձորի մարզային վարչության պետը։
Հրշեջ-փրկարարները մոտակա բնակելի տների բնակիչներին հորդորել են լքել բնակարանները, իսկ Ջերմուկի խճուղի թիվ 61 բազմաբնակարան շենքից 12 բնակչի փրկարար ծառայողները տարահանել և ուղեկցել են անվտանգ տարածք։
Տեղում տեղեկացվել է Վայքի համայնքապետարանին, որ անհրաժեշտ է ապահովվել հրդեհին մոտ գտնվող բնակելի տների բնակչների տարահանումը անվտանգ գոտին ինչը ոստիկաները կատարել են։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 50-ամյա Տիգրան Բաբայանը, 32-ամյա Ժորիկ Բաբայանը և 41-ամյա Միսակ Մարգարյանը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
ԲԺիշկները Տ. Բաբայանի և Ժ. Բաբայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Մարգարյանինը՝ միջին ծանրության:
