«Իմ ընկերն իր ութ հոգանոց ընտանիքով 200 հազար դրամանոց տուն է վարձել Փարաքարում»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թեկառավարության տրամադրած գումարներով հնարավո՞ր է տուն վարձել և տեղյա՞կ են կառավարության անդամները բռնի տեղահանված մարդկանց կացարանային պայմաններին:
Վահան Քերոբյանը թվարկեց Կառավարության կատարած աշխատանքը՝ նշելով.
«Մենք առաջին սնունդով ապահովել ենք, 3-4 օրվա ընթացքում մոտավորապես 75 հազար սննդի փաթեթ ենք տրամադրել։ Առաջին հնարավորությամբ մարդիկ տեղավորվել են տարբեր տեղերում, որոշ մարդիկ տեղավորվել են հյուրանոցներում, այդ թվում՝ բարձրակարգ, որոշ տեղերում հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով տեղավորվել են դպրոցներում և այլ տեղերում»։
Ըստ Քերոբյանի՝ առաջիկա 6 ամսվա համար ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քաղաքացիները մեկ մարդու հաշվով 50 հազար դրամ աջակցություն կստանան իրենց բնակարանային հարցերը լուծելու համար, իսկ Հայաստանում առկա է 50 հազար դատարկ տուն, որտեղ կարող են մարդիկ տեղավորվել։
