Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են ՌԴ ՊՆ պատվիրակության՝ Երևան այցի մասին, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն տեղեկություն չունի

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Պաշտոնական Երևանը, սակայն, ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ տեղեկություններ չունի։

Գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանն «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ նման հանդիպում Հայաստանի պաշտպանության նախարարությունում պլանավորված չէ։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հռչակագրի հիման վրա։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու տևողությունը որոշվել է պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ ևս հինգ տարով, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը չհայտարարի իր ժամկետի ավարտից 6 ամիս առաջ այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Կիսվել սոց․ ցանցերում