Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք. փորձեցե՛ք դուք ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուս ձեր մեջ է, այլապես կլինեիք անպիտան: Բայց հույս ունեմ, թե կիմանաք, որ մենք անպիտան չենք: Եվ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ոչ՝ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որպեսզի դուք բարին գործեք, հոգ չէ, թե մենք անպիտան թվանք. քանի որ չենք կարող հակառակվել ճշմարտությանը, այլ պաշտպան ենք ճշմարտության: Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, և դուք զորավոր եք: Նույն բանի համար էլ աղոթում ենք, որ դուք հաստատուն լինեք: Ուստի հեռվից գրում եմ այս բանը, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ Տիրոջ ինձ տված իշխանությամբ, որ շինելու համար է և ոչ՝ քանդելու: Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվեցե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ: Ողջո՛ւյն տվեք միմյանց սուրբ համբույրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն: Ամեն:
Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 13.5-13
