Աշխատողներին մի շարք դեպքերում լրացուցիչ և հատուկ ընդմիջում է տրամադրվում

Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է տրամադրվել հանգստի համար լրացուցիչ ընդմիջում:

Սա սահմանված է Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածով։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածում վերջին փոփոխությունները կատարվել են մայիսի 3-ին։

Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե:

Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող պայմաններում կամ այն դեպքերում, երբ աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի (նախկինում՝ կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում):

Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում, իսկ դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը նախատեսվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով:

Աղբյուրը՝

https://iravaban.net/436216.html?fbclid=IwAR2pQ9oW5zPiFByVMe0s5OggPtjaX0NQ4FU0-qrfAsB1YbgL1ubJBYU60Cs

Կիսվել սոց․ ցանցերում