Չեն եղել գործոններ, որոնք էականորեն կազդեին արտահանման և ներմուծման կառուցվածքի վրա։ Հետևաբար, Հայաստանում փոխարժեքի կտրուկ տատանումները տեղի են ունեցել էմոցիոնալ ֆոնի վրա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագետ, ՀՀ կառավարության նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Ըստ նրա՝ Կենտրոնական բանկի միջամտությունն իր ազդեցությունն ունեցավ դրամի փոխարժեքի գրեթե նախկին մակարդակներին վերադարձնելու վրա։
Արցախյան իրադարձությունները տնտեսության վրա որևէ ծանրաբեռնվածություն չեն ստեղծել. Միակ բանը, որ եղավ, այն էր, որ բացասական ակնկալիքներ ստեղծվեցին ոչ թե տնտեսվարողների, այլ բնակչության շրջանում, պարզաբանել է փորձագետը։
Ինչ վերաբերում է բենզինի գներին, ապա դրանք կախված են միջազգային շուկայից և փոխարժեքներից։
«Այսօր ամենաէական ազդեցությունը ցուցաբերում են միջազգային շուկաների գները, որոնք կբարձրանան։ Դա պայմանավորված է Մերձավոր Արևելքի հակամարտությամբ»,- հավելել է Գաբրիելյանը։
