Պետք չէ մոռանալ Արծվաշենը, որն իրավական հիմք ունի և չափերով բավական մեծ է. Սանոսյան

«Կան քարտեզներ, այդ քարտեզների համար կան իրավական հիմքեր, այսինքն՝ ամեն քարտեզ չէ, որ քարտեզ է։ Դասագրքերի համար քարտեզն ուրիշ բան է, պետական սահմանների համար քարտեզը լրիվ այլ բան է՝ իր իրավական հիմքերով։ Որևէ տարածք, անկախ այն բանից, թե դրան ինչ ենք կոչում, պիտի իրավական հիմք ունենա»։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով անկլավների վերաբերյալ լրագրողների հարցերին։

Նա նշեց, որ իրավական հիմքերի մասին իր գործընկերներն ավելի մանրամասն խոսել են, հարցին անդրադարձել են նրանք, ովքեր ավելի լավ են տեղյակ բանակցային պրոցեսներից։

«Ես այդքան էլ տեղյակ չեմ։ Ենթադրյալ երկու երկրները, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է տեղի ունենա արդեն դեմարկացիա ու դելիմիտացիա, որից հետո սահմանները պիտի հստակեցվեն բոլոր առումներով։ Ես ուզում եմ լրագրողներին խնդրել, որ անընդհատ անկլավներից խոսելիս Արծվաշենը չմոռանաք, որը չափերով, իրավական կարգավորումներով իսկապես հիմք ունի»,- հորդորեց Սանոսյանը, ինչին ի պատասխան՝ լրագրողները հակադարձեցին, թե այս հարցում խոսքն ավելի շատ ռազմավարական նշանակության տարածքների մասին է։

Հիշեցնենք, որ օրերս՝ իր վերջին հարցազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք՝ մենք էլ 8 գյուղերի խնդիր ունենք: Որովհետև նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշենում, Պառավաքար գյուղերում, այլ տարածքներում՝ նույնպես։ Մենք այդ հարցի լուծումն առաջարկել ենք, ասել ենք, որ եթե որոշենք, թե որն է դելիմիտացիայի քարտեզը, այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք»:

Ինչ վերաբերում է Արծվաշենին, Փաշինյանը նկատել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կողմից 29,800 քառակուսի կմ-ով ճանաչելու դեպքում այդտեղ պետք է ներառվի նաև Արծվաշենը:

«29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»,- շեշտել էր նա:

Կիսվել սոց․ ցանցերում