Լաչինի անցակետից ապօրինի կերպով առևանգված և շինծու մեղադրանքներով անցնող Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով նախապատրաստական խորհրդակցություն է տեղի ունեցել Յասամալի շրջանային դատարանում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ:
Տեղի ունեցած նիստում պարզվել են մեղադրյալի անձնական տվյալները և կայացել նախնական լսումներ։ Դատավորը, ըստ հաղորդագրությունների, իբր «մեղադրյալին» բացատրել է իր իրավունքները:
Խաչատրյանին տրամադրվել է փաստաբան, որը սպասարկում է Բաքվի շահերը և անաչառ չէ, ինչպես նաև՝ թարգմանիչ։
Դատավարությանը պետական դատախազներն են եղել գլխավոր դատախազի ավագ օգնական, արդարադատության գլխավոր Մուգադես Սուլթանովը և դատախազ Յովդեթ Մեհրալիևը։ Որպես կեղծ տուժողներ ներկա են եղել Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Մուրադ Հուսեյնովը և Մեշալի գյուղի բնակիչ Հուսեյն Գումմատովը։
Պետական մեղադրող Մուգադես Սուլթանովը խնդրել է գործը փոխանցել դատարան և չփոխել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը։
Քրեական գործի քննությունը նշանակված է հոկտեմբերի 17-ին։
Վագիֆ Խաչատրյանը դատավարության ժամանակ եղել է հյուծված, նա նիստի ընթացքում գտնվել է խիստ հուզական ու ճնշված վիճակում, արտասվել է, ինչն արձանագրված է ադրբեջանական լրատվամիջոցների կադրերում:
Ինչպես հայտնել էինք, Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի շինծու «գործով» Բաքվում հերթական շոուն էր տեղի ունենում՝ «դատական նիստ» անվան տակ:
Հիշեցնենք՝ արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ադրբեջանն Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար։
