Սուրբ Թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու հիշատակության օր

Սուրբ Մովսես Խորենացի Պատմահայր։
Ծնված է համարվում Դ դարի վերջերին, հավանաբար 390 թ.-ին, ըստ ոմանց՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում, իսկ ըստ այլոց՝ Սյունյաց նահանգի Խորյան գյուղում, որից էլ ստացել է Խորենացի ածականը: Իր նախնական կրթությունը ստացել է Սահակ Հայրապետի մոտ և հետևաբար նրա 60 աշակերտներից մեկն է համարվում: Ապա նրան ուղարկել են Ալեքսանդրիա՝ բարձրագույն ուսում ստանալու, հավանաբար 435 թ.-ին: Մովսես Խորենացին ճանապարհին նախ մտնում է Եդեսիա և այնտեղ ծանոթանում տեղի նշանավոր գրադարանին: Այնտեղից Անտիոքի վրայով գնում է Պաղեստին, Սրբավայրերին երկրպագություն և կարճատև ուսումնասիրություն կատարելու համար: Ապա Եգիպտոս է գնում և այնտեղ մի քանի տարի ուսանելուց և հունարենի ու իմաստասիրության մեջ հմտանալուց հետո ճանապարհ է ընկնում դեպի Հելլադա: Բայց ճանապարհին փոթորիկներից քշվելով Իտալիայի ափ են դուրս գալիս, որտեղ այցելում է Սբ. Պողոսի և Սբ. Պետրոսի գերեզմաններին: Հռոմում կարճատև մնալուց հետո անցնում է Հելլադա: Որոշ ժամանակ մնում է Աթենքում և ձմեռվա վերջանալուն պես ուղևորվում է դեպի Բյուզանդիա և այնտեղից՝ հայրենիք:
Հայրենիք գալով տեսնում է, որ Սբ.Սահակ Մեծը և Սբ.Մեսրոպը վախճանվել են (440 թթ.) և Ազգն ու Եկեղեցին տխուր վիճակի են մատնված: Մովսեսը գրական աշխատանքի է նվիրվում և զանազան թարգմանութուններ է կատարում, հավանաբար այդ թվում նաև Փիլոնի որոշ գործեր. 1. Նախախնամության մասին 2. Բանավորների և անբանների մասին 3. «Ելք»-ի խնդրի մասին, Իրենիոսի գրվածքները, Գրիգոր Նազիանզացու ճառերը, Ալեքսանդր Մեծի պատմությունը:
Այդ ժամանակ հրավիրվում է վարել Բագրևանդի եպիսկոպոսությունը (446 թ.), բայց իր պաշտոնավարությունը կարճատև է լինում, քանի որ իր դեմ գրգռած հակառակորդների հալածանքները սաստկանում են և շուտով մահը վերջ է դնում նրա հայրենանվեր կյանքին: Սբ.Մովսեսի գերեզմանը համարվում է, որ տեղ է գտել Տարոնի Առաքելոց վանքի մեջ, մյուս թարգմանիչների կողքին:
Սբ.Խորենացու գլուխգործոցը «Հայոց Պատմություն»-ն է, որը գրվել է երիտասարդ և ուսումնատենչ Սահակ Բագրատունի իշխանի խնդրանքով, երբ ինքը արդեն ծերունազարդ և հիվանդ էր (482 թ.):
Այդ գրքի շնորհիվ Մովսես Խորենացին արժանացել է «Հայոց Պատմահայր» փառավոր տիտղոսին: Այն ի հայտ է բերում ոչ միայն պատկառանքի արժանի հմտություն, այլ նաև հայրենասիրական բարձր ոգին: Իր ազգասիրությամբ նա կարող է իր բոլոր արյունակիցների համար օրինակ լինել:
Սբ.Խորենացուն է վերագրվում նաև «Սուրբ Հռիփսիմյանների պատմությունը» պատմական երկը (Եպս. Պողարյան, Հայ Գրողներ, էջ 14-15);
Ոմանք Խորենացում նույնացնում են Ղազար Փարպեցու կողմից Վահան Մամիկոնյանին գրված նոթում հիշատակված Մովսես Փիլիսոփայի հետ:
«Երանելի Մովսես Փիլիսոփան, երբ արդարև մարմնի մեջ էր, շարունակաբար երկնային զորքերի (հրեշտակների) քաղաքացին էր: Հայոց (հետադիմական) աբեղաները նրան հալածում էին տեղից տեղ: Նրա լուսավորող և տգիտությունը հալածող գրքերը տգիտաբար Փաթաղիկես` (ճակատագրապաշտական, կամ մոլորական- Շ. Գ) էին անվանում և դեռևս բազում ձևերով թշնամություն էին ցույց տալիս նրա հանդեպ և ի վերջո ամոթալի և խաբեբայական միջոցներով նրան եպիսկոպոսական աթոռից իջեցրին և թույն խմեցնելով՝ խեղդամահ արեցին սրբին» (Փարպեցի, «Թուղթ ուղված Վահանին», էջ 686):
Սբ.Մովսես Խորենացին հիշատակվում է նաև Կաթոլիկ Հանրագիտարանում և Օքսֆորդի բառարանում: Նրա պատմությունը բազմաթիվ լեզուների է թարգմանված: Մեր Հայսմավուրքներում չի հիշատակվում: Լայնածավալ հիշատակություն ունի Լիակատարում, որտեղ ի թիվս մնացածի՝ ասվում է.
«Այն ժամանակներում կատարյալ առաքինությամբ և կատարյալ իմաստությամբ քաջափայլեց Աստծո մարդը՝ Սուրբ Մովսես Խորենացին, ածականով Քերթող, կամ Քերթողահայր, այսինքն խոսք հյուսող և խոսք ստեղծողների գլխավորը, լոկ նա է որ գալիս է իր վարդապետներից՝ Սբ.Սահակից և Սբ.Մեսրոպից հետո, իր գրական գործերով… նույնպես սքանչելի էր սուրբ կենցաղավարությամբ և հոգևոր վարդապետությամբ» (էջ 493);
Իսկ ուսմունքի մասին ասում է.
«Բոլոր տեսակ հմտություններին տիրացավ և ամեն տեսակ հնությունների քաջատեղյակ եղավ, գրիչով զորավոր էր և խոսքով հզոր, սրբակրոն վարքով առավելապես փայլեց շատերից: Որի արժանի գովքի մասին քիչ բառերով, բայց տիրապես անդրադառնում է Վասպուրական նահանգի երևելի հայ իշխան Սահակ Արծրունին, երբ նրան իր Թղթի մեջ անվանում է «Քրիստոսի փառքի դեսպան և սպասավոր, երկրի վրա երկնային կենցաղ ունեցող մեկը եղար և խավարյալներիս լուսավորիչը… որ մեզ որպես երկրորդ Սահակ և Մեսրոպ տրվեցիր, նրանց առ Աստված գնալուց հետո»:
Այս ներբողը արժանապես կարող է պատշաճ լինել երկու Մեսրոպներին էլ:
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում