Դերասանուհի Անաիս Սարդարյանն իր կամավորների հետ միասին օգնում է բռնի տեղահանված արցախցիներին, բայց միևնույն ժամանակ, միգուցե իր կամքից անկախ, նաև մեծագույն վնաս հասցնում քաղաքական մտածողությանը ու հասարակագիտական մտքին։ Բավական է հիշատակել նրա հետևյալ ձևակերպումը․ «Մենք կուսակցական չենք, մենք հայ ենք»։ Առաջին հայացքից հայրենասիրական թվացող այս պարզունակ միտքը սպանում է քաղաքականությունը կամ էլ կանխարգելում է երբևէ արդյունավետ քաղաքական համակարգ ունենալու հնարավորությունը։ Խնդիրը միայն դերասանուհու մտասևեռումները չեն, հարցն այն է, որ այդ մտայնությունը աստիճանաբար նորաձև ու տիրապետող է դառնում՝ իր շարքերը համալրելով նորանոր երիտասարդների։
Այսինքն, պետական արժեքների փոխարեն առաջնային պլան են մղվում՝ բարեգործությունը, կենցաղային հայրենասիրությունը, կամավորականությունը։ Այս ամենի հետ զուգընթաց բոլորովին այլ հարթակներում ծաղկում են ապրում ֆիդայականությունն ու մաուզերականությունը։
Սրանք շատ վտանգավոր դրսևորումներ են նույնիսկ սաղմնային վիճակում։ Պարզունակ ու ապաքաղաքական էթնիկական բնազդների ճնշմամբ արժեզրկվում են քաղաքացիականությունը, բանակաշինությունը, պետական մտածողությունը և տարատեսակ այլ արժեքներ։
Աղբյուրը՝
