Թեհրանի բժշկական համալսարանի բժիշկները նկարագրել են Վիագրա ընդունելուց հետո 32-ամյա տղամարդու մի աչքը կուրանալու դեպք: Հոդվածը հրապարակվել է Journal of Medical Case Reports ամսագրում։
Տղամարդն ընդունել է 100 մգ սիլդենաֆիլ: Սա դեղամիջոցի առավելագույն չափաբաժինն է, կրկնակի առաջարկվող դոզան: Սիլդենաֆիլը էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցի հիմնական ակտիվ բաղադրիչն է: Դեղամիջոցն ընդունելուց երեք ժամ անց տղամարդը հանկարծ կորցրել է տեսողությունը։
Սկանավորումները ցույց են տվել, որ տղամարդը արյան թրոմբներ ուներ զարկերակում և երակում, որոնք արյուն էին մատակարարում նրա աջ աչքին: Սա հանգեցրել է ցանցաթաղանթի այտուցի:
Չնայած տեսողությունը վերականգնելու ջանքերին՝ վնասը չափազանց մեծ է եղել, և բժիշկները չեն կարողացել վերականգնել աչքի գործառույթը։
Բժիշկները խոստովանել են, որ ճշգրիտ մեխանիզմը, որով սիլդենաֆիլը կարող է վնասել աչքի արյունատար անոթները, անհայտ է:
Տեսություններից մեկն այն է, որ դեղամիջոցի ակնկալվող ազդեցությունը՝ դեպի տղամարդու սեռական օրգան արյան հոսքի ավելացում, կարող է ակամա վնասել աչքի զգայուն արյունատար անոթները նույն մեխանիզմի միջոցով: Այնուամենայնիվ, ավելի ճշգրիտ եզրակացությունների համար անհրաժեշտ են դեղամիջոցի լրացուցիչ ուսումնասիրություններ:
